հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՀ-ում քովիդով վարակվածներից 55֊ի վիճակը գնահատվում է ծանր. համաճարակաբանական վիճակի մասին խոսում է մասնագետը

ԱՀ-ում քովիդով վարակվածներից 55֊ի վիճակը գնահատվում է ծանր. համաճարակաբանական վիճակի մասին խոսում է մասնագետը

Արդեն տևական ժամանակ է՝ մարդիկ ապրում են կորոնավիրուսային վարակի պայմաններում. այն չի նահանջում, ավելին՝ ժամանակ առ ժամանակ նկատվում է հիվանդության նոր ալիքի դրսևորում։

Համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-թերապևտ Հասմիկ Հարությունյանի հետ:

«Այսօր ունենք կորոնավիրուսային հիվանդության բարդություններով բուժում ստացող 90-ից ավելի հիվանդներ, որոնցից 55-ի վիճակը գնահատվում է ծանր, և դրանք անհանգստացնող թվեր են: Թիրախային դեղորայք դեռևս չի ստեղծվել, այսինքն՝ օրակարգում մնում է պրոֆիլակտիկան, որի նպատակն է խոչընդոտել վարակի ներդրմանը օրգանիզմում: Էպիդեմիոլոգիական ծառայությունները իրականացնում են մի շարք միջոցառումներ, բայց դրանք արդյունավետ չեն, այնուամենայնիվ, հիվանդների քանակը ավելանում է»,- ներկայացրել է Հ. Հարությունյանը:

Մեզ հետ զրույցում բժիշկ-թերապևտը ասել է, որ վարակը տարածվում է օդակաթիլային եղանակով, վարակի աղբյուրը վարակակիրն է, ընդ որում՝ հենց ինքը՝ վարակակիրը, հնարավոր է, որ չիմանա այդ մասին:

«Փակ տարածություններում պարտադիր պայման է դիմակ կրելը, իսկ փողոցում՝ ոչ: Դիմակը 100%-ով չի պաշտպանում վարակվելուց, բայց նվազեցնում է վարակման հավանականությունը: Դիմակները պետք է կրել 2-3 ժամ, այնուհետև՝ փոխել: Եթե դիմակը փռշտոցից կամ հազից խոնավացել է, պետք է անմիջապես փոխել՝ արտաքին մակերեսին չդիպչելով: Անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել փակ տարածությունները, սենյակներն ու աշխատասենյակները, որպեսզի փակ տարածության վիրուսային ծանրաբեռնվածությունը կտրուկ իջնի»,- ընդգծել է նա:

Մեր զրուցակիցը նշել է նաև, որ կորոնավիրուսային հիվանդությամբ 100 վարակվածներից 98-ը ապաքինվում է: Դա նշանակում է, որ մեր իմունային համակարգը ճանաչում է վիրուսը, ստեղծում է հակամարմիններ դրա դեմ, և սկսում պայքարել ու ճնշել վարակը: Նա շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ հաղթող կողմի վերքերը միշտ ավելի հեշտ են ապաքինվել, քան պարտվողինը, և դա վերաբերում է հիվանդացությանը առհասարակ:

«Այսօր մեր քաղաքացիները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ունեն էներգետիկ, էնդոկրին, նյարդահոգեկան դիսբալանս, ինչն ընկճում են նրանց իմունիտետը, որը բարդացնում է բուժական գործը, դարձնում ավելի տևական: Սակայն պետք է զինվել համբերությամբ, լինել զգոն, բայց տագնապի մեջ չընկնել»,-խորհուրդ է տվել բժիշկ-թերապևտը:

  • Կիսվել: