չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Քննիչը խաբելով մտել է Արցախի ներկայացուցչություն, դարպասը ջարդել են ու առգրավել Արցախի նախագահի մեքենան. փաստաբան

Քննիչը խաբելով մտել է Արցախի ներկայացուցչություն, դարպասը ջարդել են ու առգրավել Արցախի նախագահի մեքենան. փաստաբան

Մեզ ոչ Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան  առգրավելու որոշում են ցույց տվել, ոչ էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում: Այս մասին այսօր Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նշենք, որ դրանից քիչ առաջ դիմակավորված հատուկջոկատայինները  կոտրեցին Արցախի ներկայացուցչության դարպասները եւ էվակուատորով տարան Արցախի նախագահին սպասարկող մեքենան:

«Ոչ դատարանի որոշում են ցուցադրել, ոչ էս բռնի ուժ կիրառելը որեւէ կերպ հիմնավորել են, ոչ մեզնից թույլտվություն են հարցրել Արցախի ներկայացուցչություն ներխուժելու համար: Ընդամենը քննիչը ներկայանալով Արցախի ներկայացուցչությունում այն անձը, որը գտնվել է այստեղ, հաշվի առնելով քննիչի այստեղ գտնվելու հանգամանքը, նրան ներս է հրավիրել եւ նրան որեւէ կերպ չեն պարզաբանել, որ պատրաստվում են բռնի ուժ կիրառելով, դարպասները կոտրելով առգրավել նախագահին սպասարկող ավտոմեքենան:

Խաբեությամբ քննիչը մուտք է գործել Արցախի ներկայացուցչություն, եւ տեղեկանալով, որ այստեղ անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն, բացի այդ, դարպասը բացելու տեխնիկական միջոցն իր մոտ չի գտնվում, միանգամից հրավիրել են ոստիկանության հատուկջոկատայիններին, որոնք էլ ջարդել են դարպասները եւ մեքենան տարել էվակուատորով,-ասաց փաստաբանը:

Նա նկատեց, որ իրենց անգամ չեն ասել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են մեքենան տանում եւ ինչ կապ ունի մեքենան այդ գործի հետ:

«Այս ամենը պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին»,-հայտարարեց Երիցյանը՝ նշելով, որ կատարվածը հաստատում է Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ արցախցիների նկատմամբ ուղղակի ճնշումներ են իրականացվում։

Նա հայտնեց, որ վերջին իրադարձությունների համատեքստում որևէ ակնկալիք չունի դատական համակարգից, բայց դա չի նշանակում, որ գործողություններ չեն իրականացվելու և դատական կարգով վիճարկումն այընտրանք չունի։

  • Կիսվել: