երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Քաղաքական մրցակցությունը պետք է լինի համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում․Վահրամ Պողոսյան

Քաղաքական մրցակցությունը պետք է լինի համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում․Վահրամ Պողոսյան

Մեր հանրապետությունում սպասվող կարևոր քաղաքական գործընթացներին ընդառաջ՝ մամուլում և սոցիալական ցանցերում յուրաքանչյուր հոդված, գրառում օբյեկտիվ պատճառներով հայտնվում է քաղաքական ուժերի և, իհարկե, հանրության ուշադրության խոշորացույցի տակ: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքում Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա մանավորապես գրել է․

«Մեր հանրապետությունում սպասվող կարևոր քաղաքական գործընթացներին ընդառաջ՝ մամուլում և սոցիալական ցանցերում յուրաքանչյուր հոդված, գրառում օբյեկտիվ պատճառներով հայտնվում է քաղաքական ուժերի և, իհարկե, հանրության ուշադրության խոշորացույցի տակ: Այս համատեքստում բոլորի համար հետաքրքիր է՝ ով որ քաղաքական ուժի գաղափարակիցն է, ինչպես է դա արտահայտում, անգամ ֆեյսբուքյան գրառումների տակ հայտնվող լայքերն ու մեկնաբանություններն են դառնում քննարկման առարկա:

Թեմային պատահական չանդրադարձա, քանի որ վերջին շրջանում հաճախ են դիմում մեզ, թե արդյո՞ք քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, կամ նրա հոդվածները որքանո՞վ են արտահայտում մեր քաղաքական ուժի տեսակետները: Ամենայն հարգանքով վերաբերվելով Վահրամ Աթանեսյան անձի նկատմամբ՝ ի լուր բոլորի հայտնում եմ, որ պարոն Աթանեսյանը մեր կուսակցության հետ որևէ կապ չունի և չի ունեցել: Ասեմ ավելին, առաջիկայում ևս նրա հետ որևէ համագործակցություն չի նախատեսվում: Ովքեր տեղյակ չեն իրազեկեմ, որ Վահրամ Աթանեսյանը Խորհրդարանում իր քաղաքական երկարամյա գործունեությունը ծավալել է Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատով՝ լինելով այդ կուսակցության կարկառուն դեմքերից մեկը:
Երբևէ չենք խնդրել պարոն Աթանեսյանին մեր քաղաքական ուժի շահերից ելնելով որևէ հրապարակում անել: Իսկ մամուլում նրա կողմից հնչող տեսակետները հաճախ չենք կիսել, հատկապես, երբ քննադատության տիրույթում անդրադարձել է Արցախում գործող ավանդական կուսակցություններին կամ քաղաքական դաշտում զգալի ներդրում ունեցած գործիչներին: Բայց դա իր իրավունքն է, և այն մեր քաղաքական ուժի հետ, կրկնում եմ, որևէ առնչություն չունի:

Ինչ վերաբերում է սպասվող ընտրական գործընթացներին, բազմիցս հայտարարել և այսօր էլ հաստատում ենք, որ քաղաքական մրցակցությունը պետք է լինի համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում, և անընդունելի ենք համարում դրա դեմ ուղղված, որոշ լրատվամիջոցների և ուժերի կողմից պառակտում հրահրող հոդվածները և հայտարարությունները, ֆեյսբուքյան կեղծ էջերով մարդու պատիվն ու արժանապատվութունը վիրավորող գրառումների տարածումը: Արհեստական, կեղծ տրամադրությունների սերմանումը մերժելի և դատապարտելի է մեզ համար:

Ի վերջո, բացի օրենքով նախատեսված կարգերից ու կանոններից, գոյություն ունեն նաև մարդկային ու բարոյական սկզբունքներ, որոնց պահպանումը պակաս կարևոր չէ: Ընտրություններից հետո կյանքը չի վերջանալու: Գալու է հաջորդ օրը, իսկ մենք շարունակելու ենք ապրել կողք-կողքի…»

 

  • Կիսվել: