շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Քաղաքացիական անձանց վտանգող ցանկացած իրավիճակից պետք է խուսափել. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչ

Քաղաքացիական անձանց վտանգող ցանկացած իրավիճակից պետք է խուսափել. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչ

Մեքսիկան մեծ մտահոգությամբ հետևում է լարվածության աճին՝ կապված Լաչինի միջանցքում իրավիճակի հետ, ինչպես նաև անհանգստացած է ստեղծված իրադրության մարդասիրական հնարավոր հետևանքների համար՝ պայմանավորված մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու անհնարինության հետ շատ ծանր և մտահոգիչ պայմաններում, որոնք ավելի են բարդացել ձմեռվա ամիսների պատճառով։  Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելափակման շարունակումը մեզ շատ է մտահոգում, ուստի կոչ ենք անում ապահովել ազատ տեղաշարժը միջանցքի ամբողջ երկայնքով՝ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Ինչպես նաև կոչ ենք անում հետևել միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին», - ասել է ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչը։

Դիվանագետի խոսքով՝ Մեքսիկան կողմերին կոչ է անում հարգել և լիովին իրագործել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության բոլոր դրույթները և հաղթահարել իրենց տարակարծությունները երկխոսության միջոցով՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր, որը էապես կնպաստի տարածաշրջանում կայունությանը։

«Բոլոր միջազգային սուբյեկտներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ կամ երկխոսություն կազմակերպել կողմերի հետ, կոչ ենք անում հորդորել նրանց հաղթահարել իրենց անհամաձայնությունները դիվանագիտական միջոցներով։ Ի վերջո, մենք կոչ ենք անում կողմերին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են լարվածության բերել կամ մարտական գործողությունների բռնկման հանգեցնել։ Նախորդ ճգնաժամերի ժամանակ մարդկային մեծ կորուստներ արդեն եղել են, և քաղաքացիական անձանց վտանգող ցանկացած իրավիճակից պետք է խուսափել», - եզրափակել է ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: