երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պատերազմները և ռազմական բախումները անխուսափելի են դառնում․ Արշավիր Ղարամյան

Պատերազմները և ռազմական բախումները անխուսափելի են դառնում․ Արշավիր Ղարամյան

Մեր օրերում համաշխարհային «թատերաբեմում» անկանխատեսելի զարգացումները և քաղաքական պոպուլիզմը լրջագույն մարտահրավերներ են դարձել պետությունների և համաշխարհային հանրության համար, ինչի արդյունքում պատերազմները և ռազմական բախումները անխուսափելի են դառնում: Այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը։

«2016 թվականին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունները (քառօրյա մարտերի ընթացքում ոչնչացվել են ադրբեջանական բանակի երկու տասնյակի հասնող մարտական բազմաֆունկցիոնալ ԱԹՍ-ներ), ինչպես նաև 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում (Իդլիբ) թուրքական զինված ուժերի աջակցությամբ գործող տեռորիստական խմբավորումների և սիրիական բանակի ու դաշնակից ուժերի միջև ընթացող մարտերն ու ռազմական գործողությունները (ըստ թուրքական աղբյուրների՝բազմաֆունկցիոնալ հարվածային ԱԹՍ-ների կիրառման արդյունքում խոցել են սիրիական կողմի մոտ 70 տանկ և 150-ից ավելի զրահամեքենաներ և ավտոմեքենաներ) ցույց են տալիս, որ հաջողություն են ունենալու այն պետությունները, որոնց զինված ուժերը սպառազինված կլինեն ժամանակակից բարձր տեխնոլոգիաների հենքի վրա, այն է՝ բազմաֆունկցիոնալ հարվածային ԱԹՍ-ներ, ՌԷՊ համալիրներ և հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության միջոցներ»,- գրել է նա:
 

  • Կիսվել: