շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Փարիզից 20.000 եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկվի Արցախ

Փարիզից 20.000 եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկվի Արցախ

Չնայած Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքներին առ այն, որ Ֆրանսիան կողմնակալ դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվերակել Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելու նախաձեռնությանը, գրում է alphanews.am-ը: 

Փարիզը 20.000 եվրոյի մարդասիրական օգնություն կուղարկի Արցախ՝ կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայերի կարիքների համար: Նախաձեռնության հեղինակը Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան է: Նա հույս է հայտնել, որ օգնությունը կկարողանան անցկացնել Լաչինի միջանցքով և այն հասցեատերերին կհասնի: Նա հիշեցրել է, որ վերջերս ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն այցելել էր Լաչինի միջանցք, ինչի համար ենթարկվել էր Ադրբեջանի իշխանության սպառնալիքներին:

Ըստ Առնո Նգաչայի՝ եթե Լուազոն հատեր Լաչինի միջանցքը, ապա ադրբեջանական զինուժը կրակ կբացեր:

Փարիզի քաղաքային խորհրդի անդամ Օրելի Պիրիլոն նախաձեռնության առիթով հայտարարել է՝ չեն կարող լռել՝ տեսնելով իրենց քթի տակ տեղի ունեցող իրադարձությունները:

«Մենք ցավում ենք, որ Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ-ի Անվտանգային խորհրդում իրավիճակը կարգավորելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս, մինչդեռ մենք՝ 170 քաղաքական գործիչներս, վերջերս Ֆիգարոյի հարթակն օգտագործել ենք և նրան ենք դիմել՝ ահազանգելով, որ Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-ասել է նա:

Փարիզի քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է և ինքնուրույն որոշումներ է կայացնում, որոնք սակայն, իրավապահ մարմինները կարող են կասեցնել, եթե այդ որոշումները չհամապատասխանեն երկրի վարած քաղաքականությանը կամ օրենքներին, ուստի մարդասիրական օգնությունն Արցախ կուղարկվի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի միջոցով:

Հիշեցնենք, Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի (Բերձոր) միջանցքը: Պաշտոնական Բաքուն շարունակում է անտեսել Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

  • Կիսվել: