շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Արցախի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցչները հանդիպել են Գիշի համայնքի բնակիչների հետ

Արցախի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցչները հանդիպել են Գիշի համայնքի բնակիչների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը և պետական նախարարի խորհրդական Նարինե Աղաբալյանը նախօրեին հանդիպել են Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչների հետ:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը հանդիպմանը ներկայացրել է  աշխարհաքաղաքական իրավիճակը, որից օգտվելով Ադրբեջանն Արցախի  շրջափակմամբ փորձում է հասնել իր նպատակների իրագործմանը: 


Մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավորը նշել է, որ հանդիպումների նպատակը խնդիրների վերհանումն է ու դրանց լուծմամբ ժողովրդի կենցաղը ստեղծված պայմաններում հնարավորին մեղմելու, ինչպես նաև անվտանգային որոշ հարցերի ապահովումը:

Нет описания.
«Այս օրերի հանդիպումներից մեզ համար պարզ դարձան այն չլուծված խնդիրները, որոնք ակնհայտ անհրաժեշտություն ունեն հրատապ ձևով լուծելու»,-մանրամասնել է Վ. Բալայանը:

Նրա խոսքով՝ արցախահայության պայքարն իր պատմական հայրենիքում ապրելու  հնարավորության համար է:

Нет описания.
«Հնագիտական ուսումնասիրությունները, եղած աղբյուրները  վկայում են, որ 5 հազար տարվա պատմություն ունի մեր երկրամասը, ուր հազարամյակների ընթացքում մենք պետական կյանք ենք ունեցել: Այստեղ հայ մարդը ապրել, ստեղծագործել ու մշակութային արժեքներ է ստեղծել: Ցանկությունն այն է, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ մարդ իր հայրենիքում ապրի: Սա է գերխնդիրը, որ պետք է թե աշխարհին, թե տարբեր գերտերությունների  ներկայացվի՝  արցախցին ոչինչ չի խնդրում, այլ պահանջում է, որպեսզի իրեն թողնեն իր հայրենիքում հանգիստ ապրել»,-ասել է Վ. Բալայանը՝ ընդգծելով, որ ադրբեջանցի կեղծ էկոլոգների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհը փակելը հերթական սադրանքն է, որը քաղաքական նպատակներ է հետապնդում:

«Նպատակ ունեն լուծել արցախահայությանն իր հայրենիքից տեղահանելու, ցեղասպանության ենթարկելու հարցը»,-հավելել է ԱԺ պատգամավորը:

Нет описания.
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Նարինե Աղաբալյանը մեզ հետ անդրադառնալով օպերատիվ շտաբի աշխատանքներին, իրազեկել է, որ այս օրերին խնդիրներին արագ արձագանքման ու որոշումների  շնորհիվ   հաջողվել է ըդհանուր առմամբ վերահսկելի դարձնել ստեղծված իրավիճակն ու որոշակիորեն կարգավորել պարենային անվտանգության հարցերը:

Нет описания.
«Ունեցել ենք պարենամթերքի որոշակի  պահուստային քանակ և այդ ամենը ճիշտ տնօրինելու  և  բաշխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել, սակայն այս փուլում մենք կարևորում ենք կտրոնային համակարգի անցնելը: Փորձը ցույց է տալիս, որ բոլորը չէ, որ կարողանում են թեկուզ այդ քիչ քանակությամբ մատակարարվող սննդամթերքից ձեռքբերել : Հետևապես նման իրավիճակներում կարևոր է բնակչության միջև հավասար բաշխել պաշարները»,-ընդգծել է Ն. Աղաբալյանը՝  ավելացնելով, որ այդ նպատակով աշխատանքներ են իրականացվում առաջին անհրաժեշտության սննդամթերքի և մի շարք այլ ապրանքատեսակների բաշխման համար կտրոնային համակարգի անցնելու  ուղղությամբ:

«Այս հանդիպումները կազմակերպվում են նաև հասկանալու համար բնակչության տրամադրությունը, նրանց առաջարկությունները, որոնք անպայման ազդեցություն կունենան մեր հետագա որոշումների վրա: Ուրախալի է տեսնել, որ մեր բոլոր համայնքներում մարդիկ վճռական են կանգնած և պատրաստ են հաղթահարելու բոլոր դժվարությունները, միայն թե շարունակեն ապրել այս հողի վրա ու տեր կանգնել իրենց երկրին: Սա ևս պարտավորեցնում է իշխանություններին բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել հանգուցալուծելու այս իրավիճակը և տեր կանգնելու  մեր հայրենիքին»,-ասել է պետնախարարի խորհրդականը՝ համոզմունք հայտնելով, որ արցախահայության այս վճռականությունը նաև ուղերձ է աշխարհին, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, ինչպես Ադրբեջանն է փորձում համոզել, և որ այստեղ կա 120 հազար  բնակչություն, ով կանգնած է, չի հանձնվելու ու  պատրաստ է պայքարել իր իրավունքների համար:

  • Կիսվել: