ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Նվիրումը` անմահություն... Փոխգնդապետ Վալերի Աղաջանյան

Նվիրումը` անմահություն... Փոխգնդապետ Վալերի Աղաջանյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրեցին բազում քաջորդիներ: Նրանցից էր 40-ամյա փոխգնդապետ Վալերի Աղաջանյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերոսի մայրը՝ Ֆենյա Գաբրիելյանը, կարոտով ու, միևնույն ժամանակ, մեծ հպարտությամբ է պատմում հայրենասեր որդու անցած նվիրական ուղին:
 
«Որդիս ծնվել է 1976 թվականի օգոստոսի 22-ին, ԱՀ Մարտունի քաղաքում: Ընտանիքի միակ արու զավակն էր, 3 քույրերի մինուճար եղբայրը: Դպրոցական տարիներին ուսուցիչների աչքի լույսն էր, կարգապահ ու օրինակելի աշակերտ էր, գիտեր, որ յուրաքանչյուր մարդու կյանքում ուսումը առանձնահատուկ տեղ ունի, բայց ամեն ինչից վեր հայրենիքն էր: 1994 թվականի մարտի 24-ին, դեռ դպրոցը չավարտած, ընկերների հետ մեկտեղ անցավ պարտադիր զինվորական ծառայության, և այդ ողջ ընթացքում վայելում էր հրամանատարության սերն ու հարգանքը, որովհետև միշտ բարձր էր պահում հայոց բանակի պատիվը:
Բնութագրությունը հասանալի չէ
Ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո նա չկարողացավ թողնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը. առանց երկմտելու նորից համալրեց հայոց բանակի շարքերը` ծառայության անցնելով Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում` որպես հրետանավորների գումարտակի հրամանատար: 2016 թվականին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, և անառիկ պահել իրեն վստահված պաշտպանական դիրքերը:
 
Նույն թվականին ստացել է մայորի կոչում, իսկ 2018 թվականին նշանակվել է 4-րդ գումարտակի հրամանատար` արժանանալով փոխգնդապետի կոչման: Արցախյան երկու պատերազմներում իր ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է մեդալներով ու պատվոգրերով»,- պատմել է Ֆ. Գաբրիելյանը: 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին սահմանի ողջ երկայնքով անցել էր հարձակման, փոխգնդապետը եղել է դիրքերում, կռվել է քաջաբար՝ չտալով և ոչ մի զոհ:
 
40 օր անընդմեջ նա պայքարում էր թշնամու դեմ, 40 օր շարունակ նա կենաց ու մահու կռիվ էր տալիս հանուն Արցախի, հանուն իր Մոնթեաբերդի պաշտպանության ու հարատևման: Նոյեմբերի 4-ին Ղուրուչուխ կոչվող դիրքի համար մղվող մարտում նա իր վրա վերցրեց թշնամու հարվածը՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով դիրքի տղաներին:
Բնութագրությունը հասանալի չէ
 
«Նա հոգատար հայր էր իր 5 երեխաների համար, նվիրված ամուսին ու որդի, ընտանիքի հենասյուն, լավ ընկեր, եղբայր, ծառայակից ու հրամանատար։ Սրտացավ էր բոլորի նկատմամբ, թև ու թիկունք էր ամենքին իր Մարդ տեսակով»,-ասում է մայրը։ Փոխգնդապետ Վ. Աղաջանյանը հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում: Նա հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
 
 

  • Կիսվել: