Նվիրումը` անմահություն... Էրիկ Հովսեփյան
Արցախյան 2020 թվականի աշնանային պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսի մահով ընկան բազում քաջորդիներ։ Նրանցից է Էրիկ Հովսեփյանը։
Էրիկ Վիլենի Հովսեփյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 19-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։
2007 թվականից հաճախել է Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոց։ 2019 թվականին ընդունվել է ԱրՊՀ «Մանկավարժություն և սպորտ» ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակչություն և սպորտային մարզումներ» բաժինը։
2020 թվականի հունվարի 8-ին Էրիկ Հովսեփյանն անցել է պարտադիր զինվորական ծառայության՝ Մարտակերտի համար 5 պաշտպանական զորամասում։ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ընկավ հերոսի մահով` հոկտեմբերի 2-ին հրամանատարի հետ միասին մարտական առաջադրանք կատարելիս։
«Որդիս շատ աշխույժ, ընկերասեր ու պարտաճանաչ էր։ Սիրում էր սպորտը։ Պարբերաբար մասնակցում էր ԱՀ և ՀՀ դպրոցականների միջև կազմակերպվող մրցույթներին ու միշտ մրցանակային տեղեր գրավում։ Բազում երազանքներ ու նպատակներ ուներ։ Ավաղ, չհասցրեց իրագործել` մինչդեռ այնքան շատ էր սիրում կյանքը»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հերոսի մայրը՝ Անուշ Ալեքսանյանը։
Էրիկ Վիլենի Հովսեփյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալների։