Նվիրումը` անմահություն... Արտյոմ Ավագյան
2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:
Նրանցից է հետախույզ֊գնդացրորդ Արտյոմ Ավագյանը: Արտյոմ Արեգի Ավագյանը ծնվել է 1996 թ. ապրիլի 5-ին, Ստեփանակերտ քաղաքում։
2014թ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել Վարանդայում։ Զորացրվել է 2016թվականին՝ ավագ սերժանտի կոչումով:
Ծառայության ընթացքում իրեն լավագույնս դերսևորելու և խիզախության համար արժանացել է պարգևների և շնորհակալագրերի։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։
«2020թ. սեպտեմբերի 27-ին որդիս կամավոր մեկնել է դիրքեր՝ մասնակցելու Վարանդայում ընթացող մարտերին։ Հրամանատարների խոսքով՝ Արտյոմս անվախ էր ու քաջ. պատերազմում մարտնչել է անձնվեր ու խիզախաբար, իր կյանքի գնով կյանքեր փրկել: Նահատակվել է հանուն հայրենիքի՝ 2020 թ. հոկտեմբերի 3-ին։ Որդիս սիրտս կիսեց երկու մասի՝ ներկա ու ապագա։ Ներկա, որտեղ ամեն ինչ հիշեցնում է նրա հավերժ երիտասարդ ու կիսատ մնացած կյանքը, իսկ ապագան իմ ու Արտյոմիս միությունն է երկնային կյանքում։ Որդիս ծով համեստությամբ, հանդուրժող, իսկական հայ տղամարդուն բնորոշ հատկություններով էր օժտված», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Արտյոմի մայրը` Ռոզա Ավագյանը:
Վաշտի հրամանատար Միքայել Ավանեսովը հպարտ է, որ ունեցել է նրա նման զինվոր, ով իսկական հայ մարտիկ էր:
«Արտյոմը շատ գրագետ, բանիմաց տղա էր. միշտ զգոն էր և իր առջև դրված խնդիրը կատարում էր հնարավորինս անթերի: Իր սուրբ առաքելությանը վերաբերում էր ամենայն պատասխանատվությամբ, զինակիցներին էլ հորդորում նույնն անել ու պատրաստ սպասում էր թշնամուն հետ մղելու պատասխանատու գործին», - նշել է մեր զրուցակիցը։
Արտյոմ Արեգի Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: