կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նրանք Արցախի ժողովրդի օրինական շահը և պահանջները ներկայացնող և պաշտպանող անձինք են, այլ ոչ թե՝ ռազմական հանցագործներ․ ԱՀ նախագահի խորհրդականը պատասխանել է Ալիևին

Նրանք Արցախի ժողովրդի օրինական շահը և պահանջները ներկայացնող և պաշտպանող անձինք են, այլ ոչ թե՝ ռազմական հանցագործներ․ ԱՀ նախագահի խորհրդականը պատասխանել է Ալիևին

ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի՝ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարների վերաբերյալ հայտարարությանը։
 
«Ադրբեջանի նախագահը երեկ իր ելույթում նշում է, թե Արցախի նախկին և գործող ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները պետք է դատվեն, կամ իրենց առաջարկվել էր հանձնվել` ինչ-որ համաներման դիմաց: Բայց այդ մարդիկ հանցագործներ չեն, որ հանձնվեին և ենթարկվեին համաներման։ Այդ մարդիկ Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության միջոցով ձևավորված մարմինների ղեկավարներ կամ ընտրված անձինք են, ովքեր իրականացրել են իրենց՝ ժողովրդի կողմից ընդունված և Սահմանադրությամբ վերապահված պարտականությունները:
 
Այդ անձանց հարցը պետք է մանրամասն քննվի միջազգային համապատասխան կառույցներում և տրվի արձագանք: Նրանք ընդամենը եղել են Արցախի ժողովրդի հավաքական օրինական շահը և պահանջները ներկայացնող և պաշտպանող անձինք, այլ ոչ թե՝ ռազմական հանցագործներ, ինչպես այժմ փորձում է նրանց ներկայացնել Ադրբեջանի քաղաքական իշխանությունը»,- գրել է Գրիգորյանը։
 
Հիշեցնենք, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել էր․  «Ես այն ժամանակ ասացի, որ եթե «անջատողական» առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր «անջատողականների»  առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին»։



  • Կիսվել: