երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Նոր փաստեր Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին միջազգային BBC լրատվականից

Նոր փաստեր Մեծ Թաղեր գյուղի, գերեզմանատան, դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ավերման մասին միջազգային BBC լրատվականից

2022 թվականի նոյեմբերի 10-ին BBC news թղթակից Օլգա Իվշինան՝ Լեռնային Ղարաբաղ BBC լրատվական թիմի այցելությունից հետո,  հրապարակեց «Հաղթանակի ցուցադրություն․ ինչպես է ապրում Ղարաբաղը 2 տարի անց» ծավալուն հոդվածը , որտեղ հստակ նկարագրություններով ու մանրամասներով ներկայացված են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան, գյուղի դպրոցի և Սբ․ Աստվածածին եկեղեցու ադրբեջանական ոչնչացումները ու պղծման գործողությունները: Այս մասին հայտնում է monumentwatch.org կայքը:

Հոդվածը սկսվում է պատերազմում երկու կողմերի կրած ծանր հետևանքների նկարագրությամբ․ «ավելի քան 8 հազար զինվորի մահ, 10 հազար անտուն մարդ, լքված ու ավերված բնակավայրեր»,- նշված է հոդվածում:
 
Լրագրողն իր ծավալուն հոդվածում անդրադառնում է նաև «Մեծ Թաղեր» կոչվող գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից իրականացված ավերման փաստին և նշում, որ 100 տարի առաջ այստեղ հայեր են ապրել, ովքեր փախել են պատերազմից։ Այնուհետև, նկարագրելով գլխավոր ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող  գյուղը, և այնտեղ 1846 թվականին կառուցված Սբ․ Ամենափրկիչ եկեղեցին (եկեղեցու մասին առավել մանրամասն տես՝  հոդվածում), հոդվածագիրը բազմաթիվ մանրամասներ է հաղորդում այստեղ ադրբեջանցիների կողմից  իրականացված ավերման, պղծման, ինչպես նաև վանդալիզմի մի շարք այլ փաստացի գործողությունների մասին։ Ի մասնավորի․ լրագրողը նշում է․ «Մուտքի փայտյա դռները կոտրված  են, եկեղեցու դռան մոտ Հիսուս Քրիստոսի կոտրված քարե գլուխն է։ Մուտքի կամարի տակ  եկեղեցու դետալների փշրանքներ են։ Հյուսիսային պատի մոտ գտնվող հին տապանաքարերից մի քանիսը կոտրված են, իսկ ոտքերի տակ գլորվում են սպիտակ քարեր»։ Անդրադառնալով աղոթասրահին՝ լրագրողը նշում է. «Աղոթասրահի կենտրոնում փայտե նստարան է՝ ծածկված փոշու հաստ, հավասար շերտով։ Եվս մեկը՝ շրջված, ընկած է մոտակայքում։ Երրորդ նստարանը ինչ-ինչ պատճառներով հենված է  Ավագ խորանին։ Խորանի վրա և որոշ պատերի վրա կարմիր մեծ տառեր են՝ անուններ, որոնք այստեղ թողել են ադրբեջանցի զինծառայողները, ովքեր 2020 թվականի աշնանը առաջինն են մտել գյուղ։ Եկեղեցական կահ կարասուց  գրեթե ոչինչ չի մնացել։ Ադրբեջանցիները թողել են միայն պատռված սրբապատկերի կեսը»։
 
Հոդվածի հաջորդ բաժնում լրագրողն անդրադառնում է նաև Մեծ Թաղեր գյուղին, որտեղից բռնի տեղահանվեցին արցախցիները պատերազմի հետևանքով։ Լրագրողը նկարագրում է գյուղի լքված կյանքը․ կոտրված դարպասներ, փշրված ապակիներ, ինչ որ մեկի մեքենայի ժանգոտվող մետաղ և այլն։
 
Լրագրողն անդրադառնում է նաև գյուղի  եռահարկ դպրոցին, նշելով, որ հայերի կողմից վերանորոգված դպրոցի պատերին հայերեն գրություններ կան։ Լրագրողը փաստում է  դպրոցի գույքի թալանման մասին, միջանցքների պատերին գրված են ադրբեջաներեն բառեր։ Լրագրողը նշում է. «այն միջանցքները, որտեղ երկու տարի առաջ վազում էին երեխաները, այսօր դատարկ են»։
 
Հոդվածի շարունակական ընթերցումը թույլ է տալիս մեզ տեղեկանալ նաև Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատան (Գերեզմանատան ավերման մասին տես՝  հոդվածում) ավերման նոր փաստերի մասին։
 
Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից վեց ամիս անց Caucasus Heritage Watch-ը, որը արբանյակային համակարգով Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում է իրականացնում, հրապարակել էր արբանյակային նկարներ, որոնք փաստում են  գերեզմանատան՝ ադրբեջանցիների կողմից ավերման մասին։
Լրագրողը, հաստատելով գերեզմանոցի ավերման փաստը, նշում է բուլդոզերի տեսանելի հետքերի մասին և փաստում, որ վերջինիս կիրառման հետևանքով  կիսաքանդ տապանաքարերը ավերված գերեզմանոցի վերջին հետքերն են։
 
monumentwatch.org կայքի արձագանքը
 
Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է, այն իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից,  յուրաքանչյուր ժողովրդի  համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

  • Կիսվել: