ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մտածում ենք սկսենք կարտոշկա ցանել, նորից տնտեսություն ստեղծենք, մենք ուրիշի ձեռքին նայող չենք․ արցախցի Հակոբյանների 10 հոգանոց ընտանիքը Գեղարքունիքի Զովաբեր գյուղում է հաստատվել

Մտածում ենք սկսենք կարտոշկա ցանել, նորից տնտեսություն ստեղծենք, մենք ուրիշի ձեռքին նայող չենք․ արցախցի Հակոբյանների 10 հոգանոց ընտանիքը Գեղարքունիքի Զովաբեր գյուղում է հաստատվել

«Երկու տուն ենք թողալ, երկու մաշինա, մեկ տրակտոր, 11 գուլուխ խոզ, 2 գուլուխ անասուն, մեկ էլ հավեր․․․ մտքեր, հիշողություններ, ամեն ինչ թողալ ենք»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ԼՂ-ից բռնի տեղահանված ու վերջին շաբաթներին Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում ժամանակավոր կացարան գտած 8 երեխաների մայրիկ 31-ամյա Ռուզաննա Հակոբյանն է պատմում։

Ռուզաննայի երեխաները

«Մարտակերտի Առաջաձոր գյուղից ենք, 10-ը տարուց ավելի ես ու ամուսինս՝ Ներսեսը, ամեն ինչ ստեղծել էինք, մտածում էինք, որ էրեխեքը շատ են, ոչ մի բանի կարիք չունենան։ Մի տուն ունեինք, բայց մեկն էլ սարքել էինք, որ Արենս,Անիս, Արսենս, Աննաս, Սյուզաննաս, Տաթևս, Նանես, Ռուբենս ոչ մի բանի պակասություն չունենան, ամենամեծս 12 տարեկան ա, փոքրը՝ մեկուկես»,- պատմում է Ռուզաննան։ Հիմա մեզ հետ և՛ զրուցում է, և՛ գյուղում՝ 50 հազար դրամով վարձակալած սեփական տանն  իր գործերն է անում․ «Ախր,Առաջաձորում ամեն ինչ էինք ստեղծել՝ մեր տնային տնտեսությունը, հողամաս ունեինք։ Ես տանն էի, դե երեխեքին էի պահում, ամուսինս  էլ Փրկարար ծառայությունում էր աշխատում»։   

Ռուզաննա Հակոբյան

«Էստեղի բնությունը, եղանակը Արցախի եղանակին նման չեն, ցուրտ ա, տունն էլ նմանություն չունի, մեր Առաջաձորի տանը, բայց դե նորմալ տուն ա, ամեն ինչ կա, արդեն 3 շաբաթ ա ստեղ ենք ու մտածում ենք, որ երևի ստեղ էլ կմնանք։ Տանը կամաց- կամաց  հարմարվել ենք, Փառք Աստծու, տանիք ունենք, դրսում չենք»,- ասում է Ռուզաննան։

Զովաբեր գյուղը

Ասում է, երբ Աստված 8 երեխա տվեց ինքն ու Ներսեսը հասկացան, որ արցախցիները նաև իրենց միջոցով պետք է շատանան, իսկ հիմա իր փոքրիկ արցախցիները արդեն նոր տանը «տոն գնա՞նք վեչ» ասելով ման են գալի․ «Էրեխեքն արդեն ամեն ինչ գիտեն, հասկանում են, շատ բան են տեսել՝ մեծից փոքր»։

«Դուռը բացող ունենք»,- ասում է բազմազավակ մայրիկը՝ նկատի ունենալով որ համագյուղացիներն հենց գալու օրվանից էլ սկսել են հարևանություն անել՝ գալ-գնալ, երեխեքին մի քաղցր բան բերել, մի հուսադրող խոսք ասել։

«Իմ էրեխեքն են ստիպում ապրել, իրանց ապագայի մասին շատ եմ մտածում»,-ընդգծում է Ռուզաննան։

Ասում է, որ ինքն ու Ներսեսը մի քանի փաստաթղթով դուրս եկան Արցախից, բայց հիմա արդեն պետք է մտածել 8 զավակների ապագայի մասին, որ «վիզները ծուռ չմնա»․ «Փաստաթղթից բացի ոչ մի բան չունենք, մեր ավտոն էլ չենք բերել, բայց պետք ա ստեղծենք, մենք ուրիշի ձեռքին նայող չենք։ Հլա ոչ մի բան չենք մտածել, բայց տան կողքը հողամաս ունենք, մտածում ենք մշակենք, բայց հլը չենք սկսել, հլը շուտ ա մշակելու համար, ստեղ ավելի ցուրտ ա, քան մեր մոտ։ Մտածում ենք կարտոշկա ցանենք։ Էլի կամաց-կամաց տնտեսություն ստեղծենք։ Ներսեսն էլ հենց հիմա գնացել ա գործ ման գա, շինարարության մեջ ա ուզում աշխատի՝ սվարկա անողի գործ ա ման գալիս»։

«Մեզ ամեն օր ուտելիք են բերում, բայց, ես հո դրան չե՞մ սպասի, ամեն ինչ էլ սարքում եմ։ Հետո գյուղում էլ ամեն ինչ  տվել են, օգնել են՝ ուտելիք, մահճակալ»։

«Արդեն նորմալ ա, ամեն ինչ նորմալ ա», -խորը հոգոցով զրույցի ամբողջ ընթացքում կրկնում է Ռուզաննան․ «Բայց Արցախ գնալը գլխիցս դուրս չի գալիս։  Մտածում եմ՝ տունս ինչ էղավ, անասուններս ինչ էղան, կարող ա արդեն թուրքը մեր տու՞ն ա մտել, չգիտենք»։

Մեր զրույցի ընթացքում Ռուզաննայի  փոքր երեխաներն են տանը, մեծերը դպրոցում են։  Ռուզաննան ասում է ՝ առաջին գործը, որ արել է՝ երեխաներին դպրոց տանելն է եղել․ «Արդեն դպրոց են գնում, իրանք էլ ուզում էին գնային, հարմարվեցին, շատ լավ ա, բոլորը շատ լավ են ընդունել։ Ամեն ինչ կա, նվիրել են գրքեր, տետրեր, պայուսակներ, հագուստ։ Մենակ թե՝ էրեխեքի համար անսովոր ա, որ էստեղ դասերը 45 րոպե են՝ 2-ից հետո նոր տուն են գալիս, մեր մոտ 30 րոպե էր, դե բլոկադայի պատճառով․․․»։

Իսկ Ռուզաննայի 10 տարեկան աղջկա՝ Նանեի համար նոր դպրոցում ամենաանսովորն Արցախի բարբառն ամեն անկյունից չլսելն է․ «Շկոլը, խոխեքը իմ դուրը գալիս են »,- պատմում է Նանեն։

Վերջին սեպտեմբերի 1-ը Արցախում

Անկեղծանում է նաև․«Դասարանցիներն ինձ լավ ընդունեցին, բայց մեր դպրոցն ավելի լավն էր, ավելի լավ էր սարքած։ Էս նոր դասարանում 16 հոգի ենք, մեր դասարանում 5 էրեխա էլ կա Մարտակերտից, մեր  դասարանից էլ էրեխեք կան»,-պատմում է նա։

Ռուզաննայի 5 դպրոցականներն արդեն կամաց-կամաց անգիր են անում Զովաբեր գյուղի ճանապահները, առավոտյան միասին պատրաստվում ու դպրոց են գնում, այնպես ինչպես Առաջաձորում․ վԷս տունն էլ լավն ա, գյուղը դուրս գալիս ա, բայց մեր գյուղ ավելի լավն էր, սիրուն էր, շատ մարդ էր ապրում։ Արցախում ավելի լավ էր, կարոտել եմ․․․»։

Նանեն հոգնած է, շատ հարցեր չենք տալիս, դե, անսովոր է այդքան երկար դասի նստելը, միայն մի բան է ավելացնում․ «Մաթեմատիկայի դասերն էի կարոտել, հլը չեմ որոշել՝ ինչ եմ դառնալու, բայց մեր հինգից ամենալավը ես եմ սովորում»։

 

  • Կիսվել: