Մոխրաթաղի դպրոցում շենքային պայմանների պատճառով երկարօրյա ուսուցման ծրագիրը չի մեկնարկի. տնօրեն (լուսանկարներ)
ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի Գարիկ Պողոսյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 64 աշակերտ. տեղահանված ու համայնքում հաստատված ընտանիքների 7 երեխա է հաճախում դպրոց:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Մարգարիտա Ղուկասյանը:



«Ինչպես յուրաքանչյուր դպրոց, մեր դպրոցը նույնպես ունի խնդիրներ։ Առաջին հերթին շենքային պայմաններն այնքան էլ լավ չեն, վթարային վիճակում է գտնվում համակարգչային սենյակը, դասասենյակների պակաս ունենք: 2019թ. դպրոցական շենքի հաշվին բացվել է մանկապարտեզ, այսինքն՝ դասասենյակներից 4-ը տրամադրել ենք մանկապարտեզին, այդ թվում՝ սպորտդահլիճը։ Այս տարի ավելացել է մեկ դասարան, այդ պատճառով էլ երկրորդ հերթով են երեխաները հաճախում դպրոց։ Վառելափայտով ապահովված ենք, ջեռուցման խնդիր չունենք: Մասնագետների թափուր ժամեր ունեինք, մրցույթ էինք հայտարարել. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկու ուսուցիչ է գործուղել մեր դպրոց: Նշեմ, որ շահել ենք՝ ընդունելով նրանց, քանի որ նման լավ մասնագետների կարիք ունեինք: Միանշանակ, նրանք էլ հարմարվել են դպրոցի կոլեկտիվին», - նշեց Մ. Ղուկասյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ դպրոցում պետք է մեկնարկեր երկարօրյա ուսուցման ծրագիրը, սակայն համապատասխան շենքային պայմանների բացակայության պատճառով չկազմակերպվեց:
