Մինչ օրս մենք Ադրբեջանի կողմից չենք տեսնում պատրաստակամություն՝ մտնելու երկխոսության, բանակցությունների մեջ՝ ԼՂ հայերի հետ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և ասաց, որ դա և մի քանի այլ իրադարձություններ մեկուսի գործողություններ չեն, դրանք Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման ակնհայտ նախապատրաստական աշխատանքներ են:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Լաչինի միջանցքի շրջափակումը և մի քանի այլ իրադարձություններ մեկուսի գործողություններ չեն, դրանք ԼՂ-ում էթնիկ զտման համար ակնհայտ նախապատրաստական աշխատանք են: Միանշանակ դա է մեր կառավարության գնահատականը: Մյուս կողմից, մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել բանակցությունների, խաղաղ գործընթացի միջոցով: Մենք հանձնառու ենք խաղաղության գործընթացին՝ ի հեճուկս բոլոր մարտահրավերների: Որպես ժողովրդավարական պետություն՝ մենք կարծում ենք, որ միայն թափանցիկ գործընթացներով է հնարավոր մնայուն խաղաղության հասնել մեր տարածաշրջանում՛՛:
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը համարում է, որ ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները պետք է հասցեագրվեն բանակցություններում, քննարկումներում, որոնք տեղի կունենան Բաքվի և Ստեփանակերտի միջև: ՛՛ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների հետ կապված բոլոր հարցերը պետք է հասցեագրվեն այդ ձևաչափում: Դժբախտաբար, մինչև օրս մենք Ադրբեջանի կողմից չենք տեսնում պատրաստակամություն՝ մտնելու երկխոսության, բանակցությունների մեջ՝ ԼՂ հայերի հետ: Դա շատ կարևոր է մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության ձգտելու ճանապարհին: Եվ չկա մնայուն խաղաղության հաստատման միակ բանաձև մեր տարածաշրջանում, բազմաթիվ հարցեր պետք է հասցեագրվեն, այդ պատճառով հեշտ չէ խաղաղության հասնել՛՛.-ասաց Փաշինյանը:
Հայկական կողմի դիրքորոշումը, ըստ վարչապետի, այն է, որ պետք է ձգտել, աշխատել դրան հասնելու համար. ՛՛Մենք ոչ միայն սպասում ենք, նաև ավելի քան 30 տարի աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ լուծելու ԼՂ հիմնախնդիրը, հաստատելու տևական խաղաղություն մեր տարածաշրջանում: Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, քանի որ մենք դրա համար մանդատ ենք ստացել նաև հայ ժողովրդից՛՛: