հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միջազգային հանրությունը մարդու իրավունքները պաշտպանելու հարցում պետք է ճիշտ գործի․ Բեգլարյան (տեսանյութ)

Միջազգային հանրությունը մարդու իրավունքները պաշտպանելու հարցում պետք է ճիշտ գործի․ Բեգլարյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի հրետակոծված կենտրոնական շուկայից կոչով դիմել է միջազգային հանրությանը։

Նա խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո՝ հոկտեմբերի 31-ին,  Ադրբեջանի կողմից Արցախի դեմ դիտմամբ կիրառված պատերազմական հանցագործությունների մասին:

Բեգլարյանը շեշտել է, որ մարդու իրավունքները պաշտպանելու համար միջազգային հանրությունը պետք է ճիշտ գործի։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով փոքր հասակում կորցրել է տեսողությունն ադրբեջանական ռումբի պայթյունի հետևանքով, միջազգային հանրությանը կոչ է անում գործել` տեսնելով այն ամենը, ինչ Ադրբեջանն անում է Արցախի քաղաքացիական բնակչության հետ:

՛՛Ադրբեջանը շարունակում է ռազմական հանցագործությունները Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ: Ադրբեջանը չտարբերակված թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ենթակառուցվածքները, որպեսզի խորացնի Արցախում հումանիտար աղետը: Ես տեսնում եմ, որ կան շատ ավերածություններ, ես կույր եմ, բայց ես «տեսնում եմ» շոշափելով, ես կույր եմ, բայց ես գործում եմ: Միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում: Միջազգային հանրությունը տեսնում է ամեն ինչ, առանց շոշափելու` աչքերով: Բայց նա պատշաճ չի գործում: Այդ պատճառով շարունակվում են ռազմական հանցագործությունները Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների կողմից: Միջազգային հանրությանն իմ կոչն է, որպես կույր և, որպես Արցախի Մարդու իրավունքների պաշտպան` սկսե’ք գործել, դադարե’ք խոսել, մի’ եղեք կույր՛՛,- նշել է նա:

Բեգլարյանն ասել է, որ Ստեփանակերտի շուկայի թիրախավորումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, ըստ որի կողմերը չպետք է թիրախավորեն քաղաքացիական օբյեկտները:

՛՛Բայց դուք տեսնում եք, որ նրանք թիրախավորել են քաղաքացիական օբյեկտը, որը շատ հեռու է ռազմական օբյեկտներից և գտնվում է Ստեփանակերտի թաղամասերից մեկում: Այս թիրախավորման հետևանքով բազմաթիվ խանութներ են ավերվել և լրջորեն վնասվել, կան նյութական մեծ վնասներ: Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և մի շարք այլ քաղաքների ու գյուղերի բնակելի հատվածները: Ադրբեջանի հարվածների հետևանքով 59 տարեկան տղամարդ է զոհվել Մարտունու Հերհեր գյուղում՛՛,-հավելել է ԱՀ ՄԻՊ-ը:

  • Կիսվել: