Միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա սևեռելու նպատակով մեկնարկել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգությունը, որը պարբերաբար ենթարկվում է վանդալիզմի, պահպանության կարիք ունի: Միջազգային հանրության ուշադրությունը խնդրի վրա սևեռելու, հանրային տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Երևանում ապրիլի 27-ին մեկնարկեց «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը:
Համաժաղովին, որն անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում, մասնակցում են պատասխանատու և շահագրգիռ կողմեր՝ ինստիտուցիոնալ, մասնագիտական, պետական և միջազգային կազմակերպություններ, հոգևորականներ, հուշարձանագետներ ու փորձագետներ:
«Համաժողովն անցկացվում է հստակ նպատակադրումով՝ բարձրացնել հանրային ու մասնագիտական տեղեկացվածության մակարդակը, ձևակերպել ու վերլուծել մարտահրավերները, մեկտեղել ջանքերը՝ մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար»,- համաժողովի բացմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նա հիշեցրեց, որ մեծ է կորուստների և արժեքների համար մեր պայքարի պատմական փորձը՝ քոչվոր ցեղախմբերի ասպատակություններից մինչև Ջուղայի բացառիկ խաչքարերի և Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացումը, որոնք քաղաքակրթական և արժեքաբանական անհամատեղելիության դրսևորումներ են եղել:
Դումանյանի խոսքով՝ այսօր կրկին կանգնել ենք մեր ստեղծարար մտքի անհետացման լրջագույն վտանգի առջև: «Ադրբեջանն արգելակում է միջազգային վերահսկողության մշտադիտարկման համակարգի ներդրման յուրաքանչյուր փորձ, հանդես է գալիս գրավյալ տարածքներում առկա արժեքների ոչնչացման անթաքույց կոչերով՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի հազարամյակներով մշակած բարոյական և իրավական նորմերը: Դժվար է մշակույթի պահպանման շուրջ երկխոսել մի պետության հետ, երբ միևնույն ժամանակ այդ պետությունը ներսում բացում է այսպես կոչված «Հաղթանակի պուրակը», որն իրականում հզոր քաղաքակրթական պարտության արտահայտությունն է»,- շեշտեց նախարարը:
Վահրամ Դումանյանի համոզմամբ՝ մեր խնդիրը բարոյական գնահատականներ տալը չէ, այլ դիմակայության մեխանիզմենրի մշակումը: «Այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովում մշակվել է առաջիկա գործողությունների պլանը, որին մասնակցում են բազմաթիվ գիտական և հասարակական կառույցներ, գերատեսչություններ: Այս պահին արվում է հնարավոր ամեն բան՝ կանխելու գրավյալ տարածքներում հայկական մշակութայյյին արժեքների ոչնչացումը: Համաժողովի շրջանակում հանրությանը ներկայացվելու է կատարված աշխատանքի ամբողջական պատկերը, և ուրվագծվելու են առաջիկա անելիքները»,-ասաց Դումանյան: Այնուհետև նա շնորհակալագրեր հանձնեց Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանին և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից, ճարտարապետ Րաֆֆի Քորթոշյանին, որոնք մեծ ներդրում են ունեցել Արցախի մշակութային արժեքների հետազոտման, պահպանման և հանրայնացման գործում: