շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մի բավարարվեք միայն Ադրբեջանին դատապարտող հայտարարություններով․ԱՀ ՄԻՊ-ի կոչը ամերիկյան օրենսդիրներին

Մի բավարարվեք միայն Ադրբեջանին դատապարտող հայտարարություններով․ԱՀ ՄԻՊ-ի կոչը ամերիկյան օրենսդիրներին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից ԱՄՆ Կոնգրեսի գրասենյակների համար անցկացված ճեպազրույցին։ Ճեպազրույցին մասնակցել են Արցախի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գև Իսկաջյանն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը։

Պաշտպանը թարմացումներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի 150-օրյա շրջափակման ընթացքում մարդու իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ և ընդգծել հումանիտար ճգնաժամի հետևանքների վերացման և կանխման հարցում միջազգային հանրության ներգրավման խիստ անհրաժեշտությունը։

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ապրիլի 23-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրմանը, որի հետևանքով խորացել է հումանիտար ճգնաժամն Արցախում, խաթարվել է անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել ամերիկյան օրենսդիրներին և քաղաքական որոշում կայացնողներին չբավարարվել միայն Ադրբեջանին դատապարտող հայտարարություններով և կոչերով, այլ ձեռնարկել գործուն պատժիչ քայլեր Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությանը վերջ դնելու համար։

  • Կիսվել: