կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մհեր Մարգարյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքները

Մհեր Մարգարյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքները

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։

Մ. Մարգարյանը նշել է, որ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և միջազգային հումանիտար ներկայության շարունակական մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարը տեղեկացվել է, որ Հայաստանից առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության և ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման հրամայականը:

 

  • Կիսվել: