հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր նպատակներին հասնելու միակ միջոցը որակյալ կրթությունն է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցիչ

Մեր նպատակներին հասնելու միակ միջոցը որակյալ կրթությունն է. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Արցախ գործուղված ուսուցիչ

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում պատմության ուսուցիչ Արման Ավագյանը Երևանից գործուղվել է Արցախ և դասավանդում է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի Բարմեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արման Ավագյանը նշեց, որ ծրագրին մասնակցելու իր հիմնական մոտիվացիան կրթության ոլորտում փոփոխությունների հասնելն է, մանկավարժությամբ զբաղվելը  և մտածող սերունդ ձևավորելը:

«Որպես առանձին և մեծ մոտիվացիա ինձ համար, կարելի է ասել, հանդիսացավ այն փաստը, որ ժամանակն էր, կրթական համակարգից բողոքելու փոխարեն, անձամբ գնալ և դառնալ ցանկալի փոփոխությունը: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի օգնեմ սովորողներին ունենալ քննական մտածողություն՝ սեփական կարծիք, և դառնալ պատասխանատու քաղաքացի, քանի որ մտածող և պատասխանատու քաղաքացին է ցանկացած երկրի ապագան: Դասավանդման նոր մեթոդներ, իհարկե, կլինեն, քանի որ ժամանակն է խոսոտովանելու, որ մեր կրթական համակարգը բավականին հնացել է և երբեմն չի բավարարում արդի աշխարհի պայմաններին: Կարևոր է, որ կարողանանք այդ մեթոդները կիրառել ոչ թե մեխանիկորեն, այլ կոնկրետ նպատակով, տեղին և հասցնել այդ մեթոդները իրենց նպատակներին», - նշեց Ա. Ավագյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախում գործունեություն ծավալելն իր՝ որպես Արցախյան հիմնահարցը ուսումնասիրողի, պատմաբանի և հայի համար նախևառաջ խորհուրդ ունի անելու հնարավորը Արցախը հայկական պահելու գործում:

«Արցախի ապագան պատկերացնում եմ միայն ու միայն հայկական, և ես եկել եմ այստեղ այդ նպատակին ծառայելու համար: Սակայն մեր բոլոր նպատակներին հասնելու միակ միջոցը որակյալ կրթության ապահովումն է, որին, հուսամ, ես, իմ ընկերները և մեզ միավորած «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կկարողանանք հասնել բոլոր արցախահայերի հետ միասին:

Կոնկրետ իմ առաքելությունը ներկա պահին ավելի տեղային բնույթ է կրում, սակայն մենք կամավոր եկել ենք Արցախ, որպեսզի այդ տեղային փոփոխությունները դարձնենք մարզային և ի վերջո՝ հանրապետական», - հավելեց  Ա. Ավագյանը:

  • Կիսվել: