կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների երկամսյա 50 հազար դրամի չափով աջակցության դիմումների ընդունումը

Մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների երկամսյա 50 հազար դրամի չափով աջակցության դիմումների ընդունումը

Այսօրվանից կընդունվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նախատեսված 50 հազար դրամ սոցիալական աջակցության դիմումները։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման համար նախատեսված հարթակն առաջիկա ժամերին  կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում և կայքում

Նրա խոսքով՝ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի շրջանակում ևս 500 միլիոն դրամ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի վճարումները շարունակելու համար։

«Արդեն իսկ մշակված և պատրաստ են ևս 3800 անձի տվյալներ, որոնք հատկացումից հետո կուղարկվեն վճարման։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ-ում բժշկական օգնություն ինչպես նաև ուսումնառության նպատակով տեղափոխված ևս 800 անձի տվյալներ ԿԳՄՍ և Առողջապահության նախարարության կողմից  փոխանցվել են և մշակվում են, որից հետո կներառվեն վճարման ցուցակներում»,-նշել է Մանուչարյանը՝ հիշեցնելով, որ ծրագրից արդեն իսկ օգտվել են 104 հազար 200 շահառու։

Անդրադառնալով հոկտեմբերին  40+10 հազար դրամ աջակցության շրջանակում իրականացված վճարումների ցուցանիշին, նա հայտնել է, որ  վճարումն արդեն կատարվել է  99 հազար 820 անձի, ընդ որում՝ նաև այս շաբաթ իրականացված վճարումը՝ 7295 շահառուի։

Այս ծրագրի շրջանակներում նոյեմբեր և հաջորդ ամիսների աջակցության համար դիմումների ընդունումը շարունակվում է։

  • Կիսվել: