շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է «Աջակցություն արցախցի վարպետներին». «Մենք ենք մեր սարերը» գործակալության նոր ծրագրի հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Աջակցություն արցախցի վարպետներին». «Մենք ենք մեր սարերը» գործակալության նոր ծրագրի հայտերի ընդունումը

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը մեկնարկում է  «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագիրը՝ նպատակ ունենալով աշխատանքի և զբաղվածության հարցում աջակցել Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած  արհեստավորներին և նրանց, ովքեր ցանկանում են նոր արհեստ սովորել:

 Ծրագիրն ունենալու է երկու բաղադրիչ. առաջինը՝ ուսուցման և վերապատրաստման կազմակերպում այն անձանց համար, որոնք ցանկանում են մասնագիտանալ նոր արհեստում կամ հմտանալ արդեն ունեցած մասնագիտության մեջ և երկրորդը՝ աջակցություն վարպետներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ աշխատանքային գործիքներ: 

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ամենահրատապ ու կենսական հարցերից մեկը զբաղվածության խնդիրն է: Շատերը չեն կարողանում աշխատել, քանի որ Արցախում են թողել իրենց գործիքներն ու սարքավորումները: Այս ծրագիրն ուղղված է ինչ-որ չափով այդ խնդիրը մեղմելուն:  Մեր գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մշտապես գնահատել է վարպետների աշխատանքը, և անցած տարի հենց նրա նախաձեռնությամբ էր իրականացվում «Հայաստանի վարպետ» նախագիծը: 

Վարպետներին ու իրենց մասնագիտության մեջ հմտանալ ցանկացողերին խրախուսելը մեզ  համար նույնպես կարևոր ուղղություն է»,-ասում է գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը: 

Նոյեմբերի 28-ից մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը: Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել հայտը՝ հետևյալ հղումով: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը: 

Հայտերի ուսումնասիրության արդյունքները հիմք կդառնան մասնագիտական ուսուցման ուղղությունների ընտրության եւ վարպետների աջակցության կազմակերպման համար:

  • Կիսվել: