ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը կարևորեց Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը
Հայստանը և Ադրբեջանը մեզ համար բարեկամ երկրներ են, որոնց հետ առկա են ակտիվ կոնտակտներ։ Եռակողմ հայտարարությունները Բաքվի և Երևանի համար առանցքային են, և դրանց ներուժը սպառված չէ։ Դրանցով սահմանված դրույթները պետք է լիարժեք կատարվեն։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Արցախի հարցով նիստի ժամանակ ասաց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին:
Նա խոսեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության, այդ ուղղությամբ իր երկրի ձեռնարկած միջոցների մասին. ՛՛Ռուսաստանը մտադիր է շարունակել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր միջնորդական գործունեությունը։ Պետք է զուգահեռ բացել Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը։ Կարևոր է, մասնավորապես, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։ Մենք աջակցում ենք դրան։ Մեզ համար կարևոր է նաև ՄԱԿ-ի ԱԽ հարթակը։ Գտնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը նույնպես կարևոր դեր ունի կայունության ապահովման գործում։
Կարևոր է ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների միջև սահմանագծումը և սահմանազատումը` Ռուսաստանի աջակությամբ։ Ռուսաստանը մտադիր է ամեն ջանք գործադրել։ ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտեցումը հնարավոր չէ, եթե հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ չլինեն ԼՂ-ի բնակիչների համար՛՛:
Նրա խոսքով՝ ներկայումս քայլեր են անհրաժեշտ արագորեն թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ։
՛՛Մասնավորապես դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ։ Ռուսաստանի Դաշնությունը ամեն ջանք գործադրում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը, որպեսզի աջակցենք հարաբերությունների կարգավորմանը մեր բարեկամ երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք մեզանից կախված ամեն ինչ անում ենք քաղաքական և դիվանագիտակա ճանապարհով բոլոր մակարդակներով և տեղում, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքը կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում՛՛,-ասաց ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը: