շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես». Բեգլարյանը ներկայացրել է արցախցի դպրոցականի ու մոր զրույցը

«Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես». Բեգլարյանը ներկայացրել է արցախցի դպրոցականի ու մոր զրույցը

Այսօր Արցախում ևս մեկնարկեց նոր ուսումնական տարին, բայց ադրբեջանական ցեղասպանական պաշարման հարուցած բավականին ծանր պայմաններում՝ առանց բավարար գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Բազմաթիվ երեխաներ ի վիճակի չեն եղել դպրոց այցելել՝ հագուստի, տրանսպորտի ու այլ պայմանների բացակայության պատճառով:

Այսօր հարազատներիցս մեկը մի դեպքի ականատես եղավ: Մայրիկը առաջին դասարանցուն ուղեկցում էր դպրոց և ճանապարհին ասաց.

«Բալա՛ս, պայուսակիդ մեջ մի կտոր հաց կա, երբ սովածանաս, կուտես»:

«Մա՛մ, բա տանը հաց կա՞ր, որ ինձ համար դրել ես»,- հարցրեց երեխան...

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը՝ անկախ հանգամանքներից: Այսօր կարևոր առիթ է բարձրաձայնելու արցախցի երեխաների բազմաթիվ իրավունքների սուր խախտումների մասին, որոնք աստիճանաբար անդառնալի հետևանքների են հանգեցնում»,-նշել է նա:

  • Կիսվել: