կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լուծում կստանան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ

Լուծում կստանան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ

Չզեկուցվող հարցերի փաթեթով, գործադիրի որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ:

Առաջարկվում է որոշումների շրջանակներում շահառու չհամարել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձանց, ինչպես նաև վճարումներն ամբողջությամբ կազմակերպել անկանխիկ եղանակով: Որոշմամբ կարգավորվում են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու և նրանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները։ Իրավական ակտի կիրառման դեպքում լուծում կստանան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներն իրացնելիս առաջացած մի շարք խնդիրներ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, զեկուցելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն ուղղված «Հումանիտար կենտրոնի» աշխատանքների վերաբերյալ` նշել է. «Նախ ներկայացնեմ, որ 100 հազար դրամ միանվագ աջակցության մասով այս պահի դրությամբ արդեն իսկ 104 200 մարդու վճարվել է, որից` 75 725-ը չափահաս, 28 475-ը` անչափահաս։ Այսօր նաև մենք 500 մլն դրամ հատկացում ենք անում վճարումները շարունակելու համար։ Մշակված ունենք 3800 դիմում, բացի այդ նաև 800 անձի տվյալ ենք ստացել ԿԳՄՍ և Առողջապահության նախարարության գործընկերներից։ Նրանք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո բուժառության և կրթության նպատակով Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն են, որոնց տվյալները նույնպես կմշակենք և կտրամադրենք։ Ըստ էության, այս վճարմամբ շուրջ 108 800 անձի վճարում առաջիկա օրերի ընթացքում կիրականացնենք։ Վճարումները նաև շարունակվելու են 40 հազար և պլյուս 10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում` կոմունալ և բնակվարձի ծախսերը հոգալու համար։ 99 820 անձի արդեն իսկ վճարում իրականացվել է։

Նաև սկսել ենք ստանալ նոյեմբեր ամսվա դիմումները։ Այս պահի դրությամբ ունենք 68 475 դիմումներ, բացի այդ այսօրվանից գործարկվում է 50 հազար դրամ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սպառողական ծախսերի համար աջակցության էլեկտրոնային հարթակը։ Մենք քննարկումներ ենք ունեցել նաև Կենտրոնական բանկի և բանկերի միության մեր գործընկերների հետ, և նախնական պայմանավորվածությամբ` արդեն 2 բանկ կա, որ պատրաստակամություն է հայտնել 75 պլյուս և առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց կանխիկով վճարումներն անկանխիկ դարձնել։ Այսինքն` քարտերը թողարկել և առաքել բնակության հասցեներ։ Առցանց հարթակում արդեն իսկ, երբ քաղաքացիները դիմում ներկայացնեն, այնտեղ կլինի, եթե ունի բանկային քարտ` կնշի, որ ունի, եթե չունի` պատուհանը կբացի այն գործընկերներ բանկերի տվյալները, որ բանկից ուզում է անձը ստանալ, և մենք արդեն տվյալները կփոխանցենք բանկերին, որից հետո կթողարկվի։ Այսինքն` 50 հազարներն ամբողջությամբ անկանխիկ եղանակով կտրամադրենք, և դեկտեմբեր ամսից սկսած նաև 40+10-ի դիմումները, երբ կստանանք արդեն ամբողջությամբ` կրկին կանցնենք անկանխիկի»:

Քննարկում է ծավալվել աջակցության ծրագրերի ցուցակներում շահառու չհանդիսացող անձանց հետ կապված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նշել է. «Մեր խնդիրը հետևյալն է՝ րոպե առաջ գումարը հասցնել կարիքավորներին: Եթե այդ կարիքավորների մեջ ոչ կարիքավոր երեք մարդ էլ է ստացել, մենք մեր խնդրից չենք շեղվել, որովհետև հազարավոր կարիքավորներին օգնելն է մեր նպատակը: Մնացած ամեն ինչն արձանագրված է, անկանխիկ է, և կարելի է հանգիստ առանց շտապելու այդ հարցերը պարզաբանել»:

  • Կիսվել: