շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Ղազարյան

ԼՂ ժողովրդին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը իրավական գործիքակազմ է. Ղազարյան

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Այս մասին կառավարության լրատվականի հետ զրույցում ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը հոկտեմբերի 26-ին ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու և փախստական ճանաչելու որոշում է կայացրել։

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է 1 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ։

«Այդ կարգավիճակը տրամադրվում է, երբ տեղի է ունենում զանգվածային տեղահանություն և մենք ունեինք այդպիսի իրավիճակ։ Սա կոլեկտիվ կերպով մարդկանց մի խմբի պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։

Մեր օրենսդրությունն այդ մասով որոշակի առանձնահատկություն ունի` բացի պաշտպանության վերցնելուց, նաև ճանաչում է այդ անձնանց փախստական, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը (ծագման վայրում մարդու իրավունքների զանգվածային, հասարակական խախտումներ)։ Այս ամենից ելնելով ԼՂ բնակչությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցվել և ճանաչվել նաև փախստական»,– նշեց նա։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև ընդգծեց, որ դրանից հետո անձինք անհատական կարգով հնարավորություն ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն և օգտվել բոլոր իրավունքներից և պարտականություններից, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։

Նրա խոսքով՝ փախստականները չեն օգտվում քաղաքական իրավունքների ծավալից, ընտրելու և ընտրվելու իրավունքներից, մնացած իրավունքների մասով գրեթե ՀՀ քաղաքացիների չափ իրավունքներ ունեն:

Նա նշեց, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կարող են ստանալ նաեւ նրանք, որոնք ապրել են Արցախում, սակայն ավելի վաղ են դուրս եկել Արցախից, բացառություն են կազմում այլ երկրների, այդ թվում ՀՀ քաղաքացիները:

  • Կիսվել: