երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԼՂ-ում թոշակ ստացած անձինք կստանան նաև հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների իրենց թոշակները. Նիկոլ Փաշինյան

ԼՂ-ում թոշակ ստացած անձինք կստանան նաև հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների իրենց թոշակները. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում հաստատեց առանձին ընթացակարգ, որով սահմանվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, վճարելու առանձնահատկությունները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Որոշմամն սահմանվում է, որ փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչեւ 2024-ի հունիսի 1-ը:  Ընդ որում, դիմումին որեւէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու:

Դիմումը մինչեւ 2024-ի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենսաթոշակը նշանակվում է ոչ շուտ, քան 2023-ի հոկտեմբերի 1-ից:

Եթե անձին ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա  օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա ժամկետը կկիրառվի 2023-ի դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ, քան հոկտեմբերի 1-ից: Օրինակ, եթե անձի 63 տարին լրացել է այս տարվա սեպտեմբերին, ապա նա կարող է թոշակի համար դիմել այս տարվա դեկտեմբերի 11-ից եռամսյա ժամկետում, եւ նրան թոշակ կնշանակվի այս տարվա հոկտեմբերի 1-ից»:

Փոխնախարարը նաև հայտարարեց, որ նոր կարգավորմամբ  բռնագաղթածների համար առանձին ընթացակարգով կենսաթոշակների նշանակումը կտևի մինչև 2028  դեկտեմբերի 31-ը, և այդ ընթացքում դրանք չեն վերանայվի, այլ այդ օրվանից հետո կվերանայվեն:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ-ում թոշակ ստացած անձինք առանց ընդհատման կստանան իրենց թոշակները. «Նրանք հոկտեմբեր-նոյեմբերի թոշակները չեն ստացել, բայց այս որոշումից հետո, նրանք կստանան եւ հոկտեմբերի, եւ նոյեմբերի թոշակները»:

  • Կիսվել: