երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024-ի պետբյուջեով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր

2024-ի պետբյուջեով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսվել են 47.3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար Հայաստանում բյուջեի նախագծով նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, ընդ որում՝ սա ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ, 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ Ազգային ժողով ներկայացնելուց հետո 2024թ. պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում առաջացել է փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

«Այն հիմնականում պայմանավորված է ԱԺ-ում քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկներով, նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ:

2023թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության համար նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, որից կրթության ոլորտի գծով՝ 1.2 մլրդ դրամի չափով, այդ թվում՝ 900 մլն դրամը ՀՀ-ում կրթություն ստացող 4360 ուսանողների ուսման վարձի նպատակով, 300 մլն դրամը՝ ուսուցիչների օժանդակության ծրագրի գծով: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսվել է 46.1 մլրդ դրամ, որից կենսաթոշակների գծով 22.5 մլրդ դրամ, ժողովրդագրական վիճակի բարելավում ծրագրի գծով՝ 2.6 մլրդ դրամ, սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում ծրագրի գծով՝ 1.6 մլրդ դրամ, անապհով սոցիալական խմբերին աջակցություն ծրագրի գծով՝ 1.5 մլրդ դրամ, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառման գծով՝ 15 մլրդ դրամ», - ասաց նախարարը:

Ըստ նախարարի` ներկայումս քննարկումներ են գնում ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար  բնակարանային ծրագրերի, վերապատրաստումների, աշխատանքի տեղավորման և բնականոն կյանքին վերադառնալու, այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, որոնց հաստատման ժամանակ կապահովեն ֆինանսական անհրաժեշտ միջոցներ:

Պահուստային ֆոնդը 2024թ. նախատեսվել է աննախադեպ՝ 156 մլրդ դրամ մակարդակում: Նախարարը վստահ է, որ այս միջոցները բավարար են ֆիսկալ ռիսկերն ապահովագրելու և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար:

Կառավարությունն ակտիվ աշխատանք է տանում նաև միջազգային գործընկերների հետ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով: Այս պահին հայտարարված բյուջետային աջակցության միջոցներ կան ԵՄ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից:

  • Կիսվել: