երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները գոհ են հայաստանյան բուհերում իրենց համար սահմանված արտոնություններից․ մանրամասնում է պատգամավորը

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները գոհ են հայաստանյան բուհերում իրենց համար սահմանված արտոնություններից․ մանրամասնում է պատգամավորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այցելել է Վ. Բրյուսովի անվան պետական և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում կրթությունը շարունակող ուսանողների հետ, որպեսզի անմիջականորեն տեսնի, թե ինչպիսի արդյունք են տալիս նրանց համար կառավարության կողմից սահմանված արտոնությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբյանն ուրախությամբ նշեց, որ տպավորված է հանդիպումներից, քանզի կառավարության որոշումներով կյանքի կոչված ծրագրերը մեծ առավելություններ են ընձեռում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին։

«Անձամբ ցանկանում էի տեսնել այդ ծրագրերի իրականացման ընթացքն ու արդյունքները և կարծիքներ լսել հենց ուսանողներից։ Մեր հայրենակիցներն իսկապես զգացված են ու շատ շնորհակալ իրենց համար սահմանված արտոնությունների համար։ Մասնավորապես, շատ տեղին էր ուսանողական կրթաթոշակների սահմանումը, որոնք ուղղվում են հիմնականում ուսման վարձերի մարմանը։ Դա մեծ առավելություն է հայաստանյան բուհերին կցագրված ուսանողների համար։ Այդ աջակցությունը ներառված է 2023-24 թվականների ուսումնական տարվա պլանում, հիմա քննարկվում է նաև մյուս ուսումնական տարիների համար նախատեսված աջակցության տրամադրման հարցը»,- ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ հայաստանյան բուհերը մեր հայրենակիցներին ընդունել են գրկաբաց, և նրանք ինտեգրվելու առումով որևէ խնդրի չեն առնչվել։ Նրանց ցուցաբերվել է անհատական մոտեցում։ Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին մեծապես օգնել են ոչ միայն ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմերը, այլև կուրսընկերները։

«Մեր հայրենակիցներից շատերն ինտեգրվել են ուսանողական խորհուրդներին, մասնակցում են տարաբնույթ հանդիպումների, օգտվում են իրենց իրավունքներից։ Իրենց իսկ խոսքով՝ արդեն դուրս են եկել սթրեսային վիճակից։ Իմ այցելած երկու համալսարաններում կան կարիերայի կենտրոններ, որոնք աջակցելու են Լեռնային Ղարաբաղից եկած ուսանողներին, որպեսզի նրանք ուսումնառությունից հետո աշխատանք գտնեն։ Ավարտական կուրսի ուսանողների համար մի քիչ բարդ է, քանի որ նրանք հիմնականում զբաղված են ավարտական աշխատանքների պատրաստությամբ, ուստի զուգահեռաբար աշխատելը հեշտ չէ։ Այդուհանդերձ, արդեն կան ուսանողներ, ովքեր աշխատանքի են անցել հանրակրթական դպրոցներում։ Շատ ուսանողներ մասնակցում են նաև ուսխորհուրդների կողմից կազմակերպվող հավելյալ միջոցառումներին»,- տեղեկացրեց պատգամավորը։

Հակոբյանը հայտնեց, որ կոնտակտներ է փոխանակել ուսանողների հետ և նախատեսում է մոտ ապագայում այցելել Երևանի պետական համալսարան։ Իսկ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների մեծ խմբի հետ հանդիպում կկազմակերպվի նաև Ազգային ժողովում։ Պատգամավորը նշեց, որ իրենք պատրաստ են միշտ աջակցել մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք հետայսու ևս որևէ խնդրի չբախվեն։  

  • Կիսվել: