երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման ընթացակարգը պատշաճ ապահովվում է. Ավանեսյան

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման ընթացակարգը պատշաճ ապահովվում է. Ավանեսյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման ընթացակարգը պատշաճ ապահովվում է, այն գործում է բոլորի համար հավասար՝ ինչպես ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, այնպես էլ տեղի մեր բնակիչների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում խոսելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ-ում անվճար բուժօգնություն տրամադրելու ընթացակարգի մասին՝ տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Եթե պլանային բուժօգնության կարիք կա, անձը պիտի դիմի իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, այնտեղից ստանա ուղեգիր և արդեն համապատասխան ուղեգրով գնա հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու: Այս ընթացակարգերը հենց առաջին հերթին ծառայում են որակյալ բուժօգնություն տրամադրելուն և կայուն համակարգ ունենալուն: Անձն ինքնուրույն չի կարող որոշել՝ իրեն այդ պահին ինչ հետազոտություն կամ օգնություն է պետք»,- նշեց Ավանեսյանը:

Նախարարը պարզաբանեց՝ ընթացակարգերը բոլորի համար նույնական են, քանի որ դրանք բխում են բժշկական օգնության կազմակերպման կարևորագույն սկզբունքներից, բայց հիվանդանոցային բժշկական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար անվճար է:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀ քաղաքացիություն ունեցող բազմաթիվ անձինք, որոնք բնակվել են ԼՂ-ում, արդյոք այդ դեպքերի համար կա՞ կարգավորում, նախարարն ընդգծեց՝ գրանցման հետ կապված խնդիր չկա, և եթե անձը ունի սեփականություն ՀՀ-ում, ունի գրանցում, բայց հաշվառված է և հանդիսանում է բռնի տեղահանված, ապա նրանք ևս օգտվում են այս երաշխիքներից:

Տարբերակում չկա՝ ընդգծեց նախարարը: 

  • Կիսվել: