ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԼՂ դատախազությունը միջազգային ահաբեկչության հատկանիշներով հարուցել է քրեական գործ

ԼՂ դատախազությունը միջազգային ահաբեկչության հատկանիշներով հարուցել է քրեական գործ

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային բարդություններ հրահրելու, ԼՂ ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջները, ըստ որի՝ Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂ դատախազությունը:
 
«Այնուհետև, անտեսելով և չկատարելով ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, որը վերահաստատվել է նույն Դատարանի 06.07.2023թ. որոշմամբ, 2023 թ. հունիսի 15-ից ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով կենսական ապրանքների, դեղորայքի, սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ 2023 թ. հուլիսի 27-ին ՀՀ-ից ուղարկված շուրջ 400 տոննա մարդասիրական բեռների մուտքը Արցախի Հանրապետություն՝ այդ կերպ Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպել և իրականացրել է այլ գործողություններ, որոնք ուղղված են Արցախի Հանրապետության հայ բնակչությանը ոչնչացնելուն, որն էլ առաջացրել է Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում մանկահասակ երեխաների մահ, ինչպես նաև մանկածնության խոչընդոտներ և այլ ծանր հետևանքներ:
 
Նկարագրված դեպքի առթիվ 28.07.2023 թ. հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով (Միջազգային ահաբեկչությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
 
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժինը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: