երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ բնակչությանը սպանելու, խոշտանգելու մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ՀՀ ՔԿ

ԼՂ բնակչությանը սպանելու, խոշտանգելու մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ՀՀ ՔԿ

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպանելու, խոշտանգելու վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, փաստաթղթեր և այլ տեսակի նյութեր) ունեցող անձինք կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
 
«Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերը։ Քննության առարկա են դարձվել նաև գտնվելու վայրն անհայտ քաղաքացիական անձանց և զինծառայողների դեպքերը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նկարագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ունեցող անձինք կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե` զանգահարելով 055-04-45-02, 095-26-33-28, 010-200-165 հեռախոսահամարներով։
ՀՀ քննչական կոմիտեն երաշխավորում է ստացված տեղեկատվության գաղտնիության պահպանումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

  • Կիսվել: