երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԼՂ-ի քաղաքական ապագան պետք է որոշի նրա բնակչությունը. իսպանացի կոնգրեսական

ԼՂ-ի քաղաքական ապագան պետք է որոշի նրա բնակչությունը. իսպանացի կոնգրեսական

Իսպանիայի կոնգրեսի կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերասը կարծում է, որ դիվանագիտական խողովակներով հնարավոր է հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում իսպանացի կոնգրեսականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում սանձազերծված պատերազմում ահաբեկիչների ներգրավմանը, միջազգային հանրության կողմից տրվող արձագանքին և այլ հարցերի:

Հարցազրույցը ստորև.

-Տիկի՛ն Նոգերա՛ս, սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված հարձակումները չեն դադարում քանիցս հայտարարված հրադադարի պայմաններում: Ի՞նչ եք կարծում հնարավո՞ր է դիվանագիտական խողովակներով հասնել հարցի խաղաղ կարգավորմանը և վերջնական լուծմանը:

-Կարծում եմ՝ դիվանագիտական խողովակներով հնարավոր է հասնել խաղաղ համաձայնության: Սա 21-րդ դարն է, և քաղաքական հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական ու դիվանագիտական խողովակներով: Որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան պետք է վերջ դնեն մարտական գործողություններին: Այստեղ շատ կարևոր է միջազգային ճնշումը: Ես, որ կատալոնական «Միասին Կատալոնիայի համար» («Junts Per Catalunya») կուսակցության անդամ եմ, խորհրդարանում առաջարկ եմ ներկայացրել՝ կոչ անելով Իսպանիայի կառավարությանը զերծ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց՝ անմիջապես դադարեցնելով այդպիսի գործարքները, դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի հանդեպ: Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարևորը՝ մենք պահանջում ենք հարգել Արցախի ժողովրդի կամքը:

-Այս պատերազմական օրերին Ադրբեջանը ցույց տվեց իր քաղաքականության իրական դեմքը՝ կատարելով պատերազմական հանցագործություններ և խոշտանգումներ քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս պայմաններում հնարավո՞ր է խոսել Արցախի կարգավիճակի և Ադրբեջանի ինքնավարության ճանաչման մասին:

-Ժողովրդավարությունը քաղաքացիների, բնակչության նկատմամբ հարգալից վերաբերվելն է: Ակնհայտ է, որ նման հարգանք գոյություն չունի: Բացարձակապես ոչինչ չի կարող արդարացնել անմեղ քաղաքացիական անձանց սպանությունը: Հարգանքը, որի մասին ես խոսում եմ, վերաբերում է նաև մշակութային մաքրման ցանկացած քարոզչություն դատապարտելուն: Քանի որ դա զուտ ռասիզմ է և հարիր է բռնապետությանը: Բոլոր ժողովրդավարական երկրները պետք է դիրքորոշում ընդունեն: Այդ պատճառով մենք Իսպանիայի կառավարությանը կոչ ենք անում խոսելու փոխարեն գործել: Ինչ վերաբերում է Կատալոնիային, ապա նրանք իրենց այդպես չեն պահել: Հայաստանի հետ Իսպանիան կարող է հնարավորություն ունենալ փրկվելու իրենց անցյալի սխալներից: Կա մի հարց, որը մենք պետք է ինքներս մեզ տանք: Եթե Ադրբեջանը ի վիճակի չէ և չի ցանկանում հարգել հայկական մշակույթը, ավանդույթներն ու ժառանգությունը կամ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդու իրավունքները, ինչու՞ պետք է նրանք վերահսկեն այդ տարածքը:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը պատերազմ է մղում Արցախի դեմ Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ և ահաբեկիչների ու վարձկանների անմիջական ներգրավմամբ:

-Դա միայն ծառայում է նրանց շահերին, ովքեր ցանկանում են ամեն գնով իշխանության հասնել: Այս օրերում օպտիմալ և ողջամիտ կլինի այն, որ գործողությունները հիմնված լինեն գլոբալ շահերի, բնակչության բարեկեցության, մեր մոլորակի պաշտպանության և, ի վերջո, բոլորի համար ավելի լավ ապագա կերտելու մեջ: Եվ դա շատ հեռու է այն ամենից, ինչ անում են շատ երկրներ: Շատ քիչ մարդկանց օգուտ բերող ստատուս-քվոն պահպանելու համար քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի օրերը հաշված են: Եվրոպան պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում ցույց է տալիս, թե որքան հեռուն է պատրաստ գնալ Թուրքիան: Իսպանիան պետք է դադարեցնի համարել, ես մեջբերում եմ Իսպանիայի ներկայիս արտգործնախարարին, «դաշնակից, ընկեր և գործընկեր» մի ժողովրդի, որը Էրդողանի օրոք պատրաստ է դեմ գնալ այն ամենին, ինչի շուրջ պետք է լինի այսպես կոչված ժողովրդավարությունը: Թուրքիան այս պահին ապակայունացնող տարր է ինչպես Արևելյան Միջերկրական ծովում, այնպես էլ Կովկասում: Այսպիսի երկիրը չի կարող համարվել դաշնակից: Այդ պատճառով մենք աջակցում ենք պատժամիջոցների կիրառմանը եվրոպական մակարդակով:

-Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներթափանցումը Արցախի տարածք ենթադրում է նաև միջազգային ահաբեկչության իրականացում, որի մասին խոսել է նաև ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ Ձեզ՝ ահաբեկիչների հայտնվելը տարածաշրջանում, արդյո՞ք, չի ենթադրում միջազգային ահաբեկիչների կողմից ավելի լայնածավալ գործողությունների իրականացման hնարավորությունների ստեղծում արցախա-ադրբեջանական հակամարտությունից դուրս:

-Վարձկանների օգտագործումը նոր երեւույթ չէ, բայց այն իսկապես արտացոլում է հակամարտության լրջությունը: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի այդ պրակտիկան և պատժամիջոցներ կիրառի այն խթանողների դեմ: Իսպանական պատգամավորների կոնգրեսին ուղղված մեր առաջարկի մեջ մենք ներառել ենք այս միջնորդագիրը, քանի որ ԵՄ երկրները պետք է տեր կանգնեն յուրաքանչյուրի մարդու իրավունքներին:

-Չնայած Արցախի միջազգայնորեն չճանաչվածությանը՝ այսօր Արցախի հիմնահարցը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի Արցախը՝ որպես առանձին պետություն, և ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:

-Ես կարծում եմ, որ Հայաստանի կողմից ճանաչումը պետք է լինի առաջին հերթին, որպես նախնական քայլ, որին պետք է հաջորդեն այլ երկրներ: Բայց ես հասկանում եմ, որ Հայաստանը ցանկանում է դիվանագիտական ճանապարհով լուծել այս հարցը, և դա անելը հեշտ չէ: Ես շատ հստակ կլինեմ և կասեմ, որ Լեռնային Ղարաբաղում բնակչության մեծամասնության կամքը պետք է գերակշռի: Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը դուրս գա իրենց հարմարավետության գոտուց՝ ստանձնելով առաջատար դեր և հակամարտության կարգավորման գործընթացում դառնալով ակտիվ դերակատար:

-Տարբեր երկրներում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կազմակերպություններ, ազդեցիկ անհատներ այս օրերին հանդես են գալիս Արցախում տիրող իրավիճակը դատապարտող կոչերով, հայտարարություններով: Այդ ուժերը ինչքանո՞վ են ներկայացնում իրենց ներկայացրած երկրների քաղաքական հայացքները:

-Կատալոնիայի խորհրդարանն իր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միջոցով որոշում ընդունեց «դատապարտել Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները»: Եվ դա արվեց ճնշող թվերով՝ ստորագրողները ներկայացնում էին կատալոնացի խորհրդարանականների ավելի քան 70%-ը: Կատալոնիայի տեղական մեծ թվով խորհուրդներ միջնորդություններ են ներկայացնում՝ ցույց տալով իրենց համերաշխությունը Հայաստանին: Եվ ես՝ որպես Միասին Կատալոնիայի համար կուսակցության ներկայացուցիչ, ներկայացնում եմ Ադրբեջանին իսպանական զենքի վաճառքի դադարեցման և Թուրքիային դատապարտելու առաջարկ:

Այնպես որ, կարծում եմ, որ այս աջակցությունը ներկայացնում է հասարակության տրամադրությունը: Համատարած աջակցություն և կարեկցանք կա այն ամենի նկատմամբ, ինչով անցնում են Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Կատալոնիայում մենք ունենք կարևոր հայկական սփյուռք, և այս դժվարին ժամանակներում մենք նրանց կողքին կլինենք: Այժմ Եվրոպայում ցույց տրված ընդհանրացված վրդովմունքը պետք է վերածվի գործողության: Մենք Իսպանիայի կառավարությանը խնդրել ենք դադարեցնել իրենց զենքի վաճառքը Ադրբեջանին, քանի որ իշխող կոալիցիայի կառավարության քաղաքական կուսակցությունները հասարակության առջև դուրս գան հակամարտության դադարեցմամբ, մինչդեռ նրանք անընդհատ զենք են վաճառում, որը սնուցում է պատերազմը:

Նրանք չեն կարող միաժամանակ պահանջել խաղաղություն և զենք ուղարկել: Այս առումով ԵՄ երկչոտ արձագանքը կարող է ցույց տալ, որ, ցավոք, նա դեռ պատրաստ չէ տարածաշրջանում ռազմավարական դերակատար լինել: Ինչ էլ որ լինի, ես չեմ կարող չընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ապագան պետք է որոշի նրա բնակչությունը. ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:

  • Կիսվել: