հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կոճողոտը մանկապարտեզի կարիք ունի. համայնքապետը ներկայացնում է առօրյան ու խնդիրները

Կոճողոտը մանկապարտեզի կարիք ունի. համայնքապետը ներկայացնում է առօրյան ու խնդիրները

ԱՀ Մարտակերտի շրջանի Կոճողոտ համայնքի բոլոր բնակիչները պատերազմից հետո վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կոճողոտ համայնքի ղեկավար Վելիկո Սարգսյանը:
 
«Գյուղն ունի 435 բնակիչ: Պատերազմից հետո գյուղում վերաբնակեցվել է 13 ընտանիք՝ 48 հոգով: Դպրոցը՝ 89 աշակերտներով, վերաբացվել է 2021 թվականի հունվար ամսից: Մանկապարտեզ չունենք, բայց մանկապարտեզի ենթակա շուրջ 40 երեխա կա գյուղում: Պատերազմից հետո ասֆալտապատվել է գյուղամիջյան 4 կմ ճանապարհահատված՝ մինչև գյուղի կենտրոնական մաս: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2016 թ. կառուցել է համայնքային կենտրոն, որը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է և իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ: Շենքը կահավորված է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ: Այսպիսի կենտրոնների կառուցումը ոչ միայն դրական է անդրադառնում  գյուղի մի շարք խնդիրների լուծմանը, այլև ապահովում է տեղի կառույցների արդյունավետ ու համակարգված գործունեությունը»,- նշեց Վ. Սարգսյանը:
 
Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարն անդրադարձել է գյուղի հիմնախնդիրներին, որոնք, ըստ նրա, անհապաղ լուծման կարիք ունեն:
 
«Գյուղը գազաֆիկացված չէ, սակայն զգացվում է դրա անհրաժեշտությունը: Գյուղի մի մասն ապահովված է բարձր հզորությամբ  էլեկտրաէներգիայով, իսկ մյուս մասը՝ ոչ: Տարվա  գրեթե ողջ ընթացքում ունենում ենք խմելու և ոռոգման ջրի խնդիր: Դպրոցը չունի մարզադահլիճ և խաղահրապարակ: Գյուղի մոտակայքում ունենք սեփականաշնորհված տարածքներ, որտեղ տեխնիկայի պակասի պատճառով որևէ աշխատանք չի իրականացվում»,- ընդգծել է նա:
 
Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Վ. Սարգսյանը նշել է, որ բնակչության 80%-ը աշխատում է  «Բեսմեթլս» հանքարդյունաբերական ընկերությունում, մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ. ջրի խնդրի պատճառով  տուժել է բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը:

  • Կիսվել: