շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կներկայացվի Արցախում ընտանի կենդանիների խնդրի մասին պատմող «Ծառայություն» լուսանկարչական ցուցահանդեսը

Կներկայացվի Արցախում ընտանի կենդանիների խնդրի մասին պատմող «Ծառայություն» լուսանկարչական ցուցահանդեսը

Հուլիսի 17-ին՝ 19:00-ին Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում, կբացվի «Ծառայություն» անունը կրող լուսանկարչական ցուցահանդես։ Ստեփանակերտցի լուսանկարիչ Նարինե Կարապետյանի նախագիծը կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունը նոր տեսանկյունից հրավիրելու հումանիտար այն ճգնաժամին, որն արդեն ութ ամիս է՝ շարունակվում է Արցախում։ Լուսանկարչական ցուցահանդեսը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր այս դժվարին ժամանակներում անտարբեր չեն մնում պատերազմի պատճառով կացարաններից ու տերերից զրկված ընտանի կենդանիների ճակատագրի հանդեպ։

Լուսանկարչական նման նախագծի գաղափարը Նարինե Կարապետյանի մոտ ծագել է շրջափակման առաջին իսկ օրերից, երբ մարդիկ, ովքեր հայտնվել էին շրջափակման մեջ՝ առանց սննդի և դեղորայքի հնարավորության, աջակցության և համախմբման կարիք ունեին։ Հենց այդ ժամանակ Նարինեն սկսեց իր տեսախցիկով նկարահանել մարդկանց մեծահոգության, սիրո ու հոգատարության մասին վկայող պատմությունները։ Արդյունքում՝ ծնվեցին ցուցադրության մեջ ներառված 30 աշխատանքները։

Նշվում է, որ նախագծի շրջանակում տեղի կունենա նաև ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» անիմացիոն ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է 1910 թվականին Կոստանդնուպոլսում քաղաքային շների ոչնչացման հրեշավոր փաստի մասին։ Կանցկացվեն կրթական և մշակութային միջոցառումներ, դասախոսություններ և հատուկ նախաձեռնություններ, որոնք կոչված են գրավելու հասարակության լայն շերտերի ուշադրությունը հումանիտար ճգնաժամի պայմաններում ընտանի կենդանիներին խնամելու հիմնախնդիրների վրա։

  • Կիսվել: