երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը»․ Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը

«Խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը»․ Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը

2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր օկուպացված Հադրութի շրջանի Վանք գյուղում գտնվող Սպիտակ խաչ վանքին: Այս մասն հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Հոդվածում, հղում անելով ադրբեջանցի պատմաբան Մուհաբբատ Փաշաևային, նշվում է, որ «հայկական օկուպացիայի տարիներին» հայկական կողմը իբրև թե սեփականացրել է «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգությունը» և փորձել է այն ներկայացնել հայկական և որպես օրինակ բերվում է Սպիտակ խաչ վանքը: Ադրբեջանական լրատվական կայքը կրկին տարածում է ադրբեջանական պետական քարոզչության հիմնական թեզերից մեկը, համաձայն որի Արցախում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգությունը հայերի հետ ոչ մի առնչություն չունի, այն աղվանա-ուդիական է, սեփականացվել, յուրացվել և հայացվել է: Ադրբեջանական քարոզչամեքենայի անընդհատ կրկնվող այս թեզերը վաղուց արդեն ծանոթ են, սակայն այս հոդվածում ադրբեջանական կողմը առաջ է քաշում քարոզչական նոր թեզ՝ իբր խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտություններ իրականացնել Ղարաբաղի տարածքում, քանի որ եղել են «լուրջ խոչընդոտներ»: Ըստ Փաշաևայի՝ ներկայումս հնարավորություններ են ստեղծվել «աղվանական քրիստոնեական ժառանգության օբյեկտիվ հետազոտության համար»:

Բաքվից հնչող այս հայտարարություններում ամենից տարակուսելին այն է, թե խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Խորհրդային տարիներին Ադրբեջանի դե յուրե և դե ֆակտո մաս կազմող ԼՂԻՄ-ը վարչական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային լծակներով ուղղակի և անուղղակի կերպով վերահսկվում էր պաշտոնական Բաքվի կողմից և անգամ փոքրիկ տարակարծությունը պաշտոնական Բաքվի տեսակետի և քաղաքականության հանդեպ ենթադրում էր տեղում պատիժների կիրառում: Խորհրդային տարիներին պատմական Արցախի տարածքում հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեին միայն ադրբեջանցի գիտնականները, որոնք, մեծամասամբ աշխատանքներ էին տանում այնպիսի հուշարձաններում, որոնք ոչ մի աղերս չունեին քրիստոնեական մշակութային ժառանգության հետ: Խորհրդային տարիներին Ադրբեջանի Գիտութունների Ակադեմիայի կողմից հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում պատմական Արցախի հուշարձանները, քրիստոնեական ժառանգությունը գրեթե ներկայացված չէ:

Արցախի պատմությամբ հետաքրքրված էին միայն որոշ ադրբեջանցի գիտնականներ, ովքեր զբաղվում էին Արցախի և Ուտիքի պատմության «սրբագրությամբ»՝ բացառելով ամեն հայկականը: Սրբագրման և խմբագրման քաղաքականությունը ակտիվացավ սկսած 1950-ական թվականներից և հատկապես ակտիվ փուլ մտավ 1960-ականներին: Արցախի քրիստոնեական ժառանգության, մշակույթի և պատմության խմբագրմամբ զբաղվում էին Զ. Բունիյաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մամեդովան, Ռ. Գեուշևը, Ի. Ալիևը և այլք: Ադրբեջանցի գիտնականները մշակեցին Արցախի պատմության, մշակույթի, մշակութային ժառանգության կլանման, խեղաթյուրման «տեսական» հիմքերը, որի հիմնական առանցքը Արցախի և նրա մշակութային ժառանգության աղվանացումն էր:

«Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության» հնագիտական հետազոտությամբ զբաղվել է միայն Ռաշիդ Գեուշևը: Վերջինս «պեղումներ» է իրականացրել Ամարասի վանքում, Ճանկաթաղում, իր աշխատանքներում անդրադարձել է Գանձասարի վանքին, Դադիվանքին և որոշ այլ հուշարձանների, սակայն, բնականաբար, հայկականը ժխտելով և դրանք ներկայացնելով որպես աղվանական:

Ադրբեջանցի որոշ գիտնականներ էլ փորձեցին անդրադառնալ Արցախի կոթողային մշակույթին: Այդպիսիններից էին Դ. Ախունդովը, Ռ. Գեուշևը, Ն. Ռզաևը, Մ. Խալիլովը: Ընդ որում, իրենք իրենց աշխատանքներում բերում են ԼՂԻՄ-ում գտնվող տարբեր խաչքարերի օրինակներ և լուսանկարներ: Միայն այս հանգամանքն արդեն ինքնին վկայում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականների առջև արգելքներ չկային:

Սակայն, մեծամասամբ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը քիչ էր, քիչ էին նաև հետազոտությունները: Սա լավագույն ցուցիչն է այն իրողության, որ այն հետաքրքիր չէր ադրբեջանցի հետազոտողների մեծ մասի համար: Ավելին, նույն խորհրդային տարիներին պաշտոնական Ադրբեջանի կողմից քանդվել են ԱդրՍՍՀ Քելբաջարի, Լաչինի շրջաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, ջարդվել են տասնյակ խաչքարեր և տապանաքարեր: Եվ ոչ մի արձագանք ադրբեջանցի գիտնականների կողմից:

Նշենք, որ խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները արհեստական խոչընդոտներ, արգելքներ էին ստեղծում միայն հայ հետազոտողների համար, որոնց համար վտանգավոր էր աշխատել հայաթափված շրջաններում՝ Քարվաճառ, Քաշաթաղ և այլն: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում որոշ աշխատանքներ կարողացել են կատարել միայն անհատներ: Անհնար էր խոսել հայկական արշավախմբերի մասին:

Խորհրդային տարիներին ԼՂԻՄ տարածքում գտնվող հուշարձաններից շատերը չէին անձնագրավորվել, փաստաթղթեր չէին կազմվել: Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային գրքույկներում ԼՂԻՄ-ի քրիստոնեական հուշարձանները գրեթե ներկայացված չէին, Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային քարտեզում ներառված էին միայն Շուշիի իսլամական հուշարձանները:

Հոդվածում առանձին կերպով խոսվում է «աղվան-ուդի» գիտնականների մասին, ում ևս իբր հայկական կողմը հնարավորություն չէր տալիս հետազոտություններ իրականացնել: Այս դիտարկումը առնվազն տարակուսելի է: Այդ ի՞նչ աղվան-ուդի գիտնականներ կային, որոնց թույլ չէր տրվում աշխատել:

Շատ վտանգավոր թեզեր են պարունակում աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռաֆիկ Դանակարիի հայտարարությունները և մասնավորապես այն, որ որոշ եկեղեցիներ կոնսերվացվելու են, որոշները՝ վերականգնվելու, իսկ որոշները կգործեն որպես թանգարան: Սրա տակ պետք է վստահաբար հասկանալ մի բան, որ վերականգնման քողի ներքո ջնջվելու են հայերեն արձանագրությունները, խաչային ու խաչքարային հորինվածքները, խաչքարերը, ինչն արվել է, երբ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը փորձում էր «վերականգնել և աղվանացնել» հուշարձանները:

«Վերականգնված և պատմական տեսքի»  բերված հուշարձաններից է Վանքասար լեռան գագաթին գտնվող եկեղեցին, որի վրայից քերվել են հայերեն արձանգրությունները, խաչանշանները, անհետացել են շրջակա խաչքարերը, իսկ մեկը Աղդամում թանգարայնացվել էր՝ եղծվելով: Եկեղեցին կրել է արտաքին փոփոխություններ, որոնք բնորոշ չէին առհասարակ վաղքրիստոնեական ճարտարապետությանը:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ադրբեջանցի գիտնականներին ներկայացնել որպես տուժող կողմ, զոհ, ում հայերը արգելում էին խորհրդային տարիներին հետազոտել Արցախը»։

  • Կիսվել: