ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղողի այգիները, ցորենի դաշտերը հակառակորդի տեսադաշտում են, եթե կրակոցները շարունակվեն, չենք կարող աշխատել. գյուղապետ

Խաղողի այգիները, ցորենի դաշտերը հակառակորդի տեսադաշտում են, եթե կրակոցները շարունակվեն, չենք կարող աշխատել. գյուղապետ

Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս են եղել, երբ այսօր՝ մարտի 9-ին, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ եւ արձակել 4 ական։

«Ավելի քան 15 գյուղացի էր աշխատում դաշտերում ու խաղողի այգիներում։ Հակառակորդը 2 ականն արձակել էր պարարտանյութ ցանողների ուղղությամբ, 2-ն էլ՝ խաղողի այգիների ուղղությամբ։ Հակառակորդի դիրքի եւ մեր այգիների միջեւ հեռավորությունը 200-ից 400 մետր է։ Տուժողներ չեն եղել, բայց խաղողի այգիները վնասվել են»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խնուշինակի վարչական ղեկավար Կամո Մուրսալյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո հակառակորդն առաջին անգամ է գյուղի վարչական տարածքի ուղղությամբ կրակոցներ արձակել։ Ըստ Կամո Մուրսալյանի՝ Խնուշինակը թշնամու դիրքերից օդային սահմանով հեռու է 2,5 կմ։ «Ադրբեջանի դիրքերը բարձր են, մենք էլ փոսում ենք, դիտարկվում ենք»,- ընդգծեց նա։

Դեպքի մասին Կամո Մուրսալյանը տեղեկացրել է իր վերադասին եւ ռուս խաղաղապահներին։ «Գյուղում խուճապային տրամադրություններ չկան, բայց ամեն դեպքում մտահոգիչ է։ Գյուղում 130 ընտանիք կա, բնակչությունը հիմնականում գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Եթե կրակոցներն էսպես շարունակվեն, խաղողի այգիներում, ցորենի դաշտերում, որոնք իրենց տեսադաշտում են, չենք կարողանա աշխատել, կորուստներ ենք ունենալու»,- նշեց Խնուշինակի վարչական ղեկավարը։

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր , որ այսօր՝ ժամը 14։00-14։30 սահմանում, Մարտունու  շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը` կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ 

Արցախի դատախազությունն ավելի ուշ հաղորդել է  նաեւ,  որ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ եւ Նախիջեւանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ եւ Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին։ 

Նախիջեւանիկ համայնքի ղեկավար Սեւակ Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հակառակորդի կողմից կրակոցներն արձակվել են ժամը 17։00-ի սահմանում, իրավիճակը հիմա հանգիստ է։ 

«Կրակոցներն արձակվել են գյուղի վարչական տարածքի ճանապարհների ուղղությամբ եւ բնակելի տներից 300-400 մետր հեռավորության վրա։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հակառակորդը կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ։ Գյուղում խուճապ չկա, բայց մարդիկ անհանգիստ են»,- նշեց նա։ 

Հիշեցնենք նաեւ, որ 2022 թվականի հունվարի 10-ին, երբ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս էին եղել, Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տեւողությամբ ինտենսիվ կրակ էր բացել նրանց ուղղությամբ եւ թույլ չէր տվել, որ դուրս գալ այգուց։ Կրակը դադարել էր ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել էին անվնաս։ Մասնակի վնասվել էր գյուղատնտեսական տեխնիկան։ 

  • Կիսվել: