շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Արցախի ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև․
 
«Ոստիկանության համակարգի հարգարժան ծառայողներ, հարգելի վետերաններ
 
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:
 
Սա այն կառույցն է, որն իր գործունեությամբ՝ որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
 
Որպես իրավապահ ինստիտուտ, ոստիկանությունը երկրի կայունության պահպանման երաշխավորն ու հիմնասյունն է:
 
ՆԳ նախարարությունը՝ ենթակա բոլոր ստորաբաժանումներով, օր ու գիշեր ծառայում է մեկ հիմնական նպատակի ու սկզբունքի համար. ապահովել երկրի ներքին անվտանգությունը:
 
Ներքին գործերի համակարգի ծառայողները պատվով անցան նաև 44-օրյա պատերազմական փորձությունները:
 
Պատերազմը մեզնից խլեց մեր լավագույն տղաներին, թողնելով բազում անավարտ պատմություններ: Խաղաղ բնակչությանը հակառակորդի դիվերսիոն ուժերի գործողություններից պաշտպանելու համար՝ բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայվեցին մարտական հենակետեր:
 
Ոստիկանության ծառայողները կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները:
 
Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Կառույցն ունեցավ 11 զոհ և 3 տասնյակ վիրավոր: Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ոստիկաններին:
 
Զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ ևս լինելու են պետության հոգածության ներքո, իսկ նրանց հիշատակը միշտ վառ ենք պահելու:
 
Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները: Վստահեցնում եմ, որ ոստիկանության ծառայողներն անում են առավելագույնը՝ կառույցն ավելի վստահելի դարձնելու համար, որպեսզի ոստիկանի կերպարը հասարակության շրջանում առաջին հերթին պաշտպանվածության զգացում ներշնչի:
 
Հանցագործությունների դեմ տարվող անզիջում պայքարի արդյունքում, էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը: Համակարգում մեկնարկել է բարեփոխումների մի ծրագիր, որով ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար:
 
Վերանորոգվում են ռազմական գործողություններից էապես տուժած ստորաբաժանումների շենքերը, կառուցվում են նորերը, թարմացվում է նյութատեխնիկական բազան, վերազինվում՝ արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով:
 
Այս ամենին զուգահեռ՝ աշխատանքներ ենք իրականացնում ուղղված ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն:
 
Հարգելի գործընկերներ
 
Մաղթում եմ, որ այսուհետ ևս բարձր պատասխանատվությամբ ու արժանապատվորեն շարունակեք կատարել Ձեր մասնագիտական դժվարին գործը:
 
Խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին:
 
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյան»։

  • Կիսվել: