Իտալիայում կայանալիք միջազգային ժողովրդական արվեստի փառատոնին Հայաստանը կներկայացնեն Արցախի երկու պետական համույթներ
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ ստացել է պաշտոնական հրավեր՝ որպես Հայաստանի մշակութային պատվիրակություն մասնակցելու 2025 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 16-ը Իտալիայում կայանալիք միջազգային ժողովրդական արվեստի փառատոներին։
Փառատոները կազմակերպվում են Ֆոլկլորային փառատոների և ժողովրդական արվեստի կազմակերպությունների միջազգային խորհրդի՝ CIOFF-ի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գործընկերությամբ։
Միջոցառումներն անցկացվելու են Իտալիայի մի շարք քաղաքներում՝ լայն միջազգային ընդգրկմամբ՝ ներգրավելով մշակութային պատվիրակություններ, մասնագիտական հանրություն և հազարավոր հանդիսատես։
Փառատոնին Հայաստանը կներկայացնեն «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի կազմում գործող Արցախի երկու պետական համույթները՝ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և Արցախի պարի պետական համույթը։
Պատվիրակությունն արդեն ժամանել է Իտալիա և կմասնակցի փառատոնային ծրագրին՝ համատեղ մշակութային ներկայացումներով՝ նպատակ ունենալով արժանապատվորեն ներկայացնել հայկական, մասնավորապես՝ արցախյան ավանդական երաժշտությունն ու պարարվեստը։
Այս հրավերը կարևոր գնահատանք է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի հետևողական աշխատանքի, որը միտված է պատերազմից և բռնատեղահանումից հետո արցախյան մշակութային ինքնության պահպանմանն ու միջազգային ճանաչմանը։
Մասնակցությունն ունի նաև խորքային խորհրդանշական նշանակություն։ Այն ներկայացնում է արցախյան մշակույթը որպես ազգային դիմադրության և հարատևության խորհրդանիշ՝ համաշխարհային մշակութային հարթակում։



