հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հույս ունենք, որ ՌԴ ակտիվ ու կառուցողական դերակատարության շնորհիվ կվերագործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը. պետնախարար

Հույս ունենք, որ ՌԴ ակտիվ ու կառուցողական դերակատարության շնորհիվ կվերագործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը. պետնախարար

Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման հարցը երկար տարիներ քննարկվել է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, սակայն միշտ Ադրբեջանը ապակառուցողական վարք է դրսևորել՝ ընդհուպ սպառնալով կործանել քաղաքացիական օդանավերը:

«Ռեգնում» ռուսական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործման մասին հարցին, ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Պատերազմից ու ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո հույս ունեինք, որ օդանավակայանը կսկսի գործել, սակայն կրկին Ադրբեջանը հնարավորն անում է այդ ծրագիրը վիժեցնելու ուղղությամբ՝ առավելագույնս քաղաքականացնելով նման կարևորության հումանիտար հարցը: Ընդհանրապես, սա տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների այն քաղաքականության շրջանակներում, որով ձգտում են առավելագույն չափով մեկուսացնել Արցախի բնակչությունը արտաքին աշխարհից, ինչն ինքնին դեմ է միջազգային իրավունքի ու քաղաքակիրթ աշխարհի նորմերին»,- ասել է Արտակ Բեգլարյանը:

Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի ակտիվ ու կառուցողական դերակատարության շնորհիվ տեսանելի ապագայում հնարավոր կլինի վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը:

  • Կիսվել: