երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը Շուրնուխում չի կարողացել երեք տարում 13 տուն կառուցել, մինչդեռ Արցախի կառավարությունը 1,5 տարում 3300 բնակարան կառուցեց․ Խանումյան

ՀՀ կառավարությունը Շուրնուխում չի կարողացել երեք տարում 13 տուն կառուցել, մինչդեռ Արցախի կառավարությունը 1,5 տարում 3300 բնակարան կառուցեց․ Խանումյան

13 տունը երեք տարում մի ամբողջ հանրապետության կառավարություն Շուրնուխում չկարողացավ կառուցել։ Այս մասին Կոնրադ Ադենաուերի անվան հիմնադրամի կողմից կազմակերպած Կլոր Սեղանի ժամանակ ընդգծեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

«Այդ փաստը ոչ մի բանական մարդու գլխում չի տեղավորվում, թե ինչպես մի ամբողջ հանրապետության կառավարություն երեք տարում չի կարողանում 13 տուն կառուցել՝ տուրք տալով ինչ որ ձևական ընթացակարգերի»,- ընդգծեց Խանումյանը։

Մինչդեռ, ըստ նրա՝ 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում Արցախի կառավարությունը, որի հնարավորությունները և ռեսուրսները բոլոր առումներով (մարդկային ներուժի, ինստիտուցիոնալ, նաև իրավիճակային առումով՝ ադրբեջանական անընդհատ ագրեսիա, բլոկադա) անհամեմատելի էին ՀՀ կառավարության հնարավորությունների և ներուժի հետ, կառուցեց 3300 բնակարան։

Խանումյանը պահանջում է ՀՀ բռնի տեղահանված արցախցիների համար առանձին թաղամասեր, ավաններ կառուցել հանրապետության տարբեր մարզերում, սակայն, ըստ նրա, կառավարությունում կան մտավախություններ մեծածավալ ծրագրերի առնչությամբ։

«Ինձ ասում են՝ Շուրնուխում երեք տարի է 13 տուն ենք կառուցում, 100 հազար մարդու համար մի 100 տարի պետք է, որ տներ կառուցենք։ Բայց ես բերում եմ Արցախի կառավարության փորձը, որը փաստացի 1,5 տարում 3300 բնակարան կառուցեց։ Մի վախեցեք մեծամասշտաբ ծրագրերից, պարոնայք իշխանավորներ»,- ընդգծեց Խանումյանը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Շուրնուխ գյուղի մի հատված անցավ ադրբեջանական կողմին և գյուղացիների մի մասը փաստացի մնաց անտուն։ Այդ ժամանակ ՀՀ կառավարությունը խոստացավ անտանիք մնացած շուրնուխցիների համար պետական միջոցներով բնակարաններ կառուցել։

Ավելին կառավարությունը նաև ձեռնամուխ եղավ սահմանամերձ գյուղերում պետական միջոցներով բնակարաններ կառուցելու ծրագրին, որոնք անվարձահատույց պետք է տրամադրվեն այն ընտանիքներին, որոնք ցանկություն կհայտնեն տեղափոխվել սահմանամերձ գյուղեր։ Սակայն ոչ միայն այդ ծրագիրը, այլ նույնիսկ շուրնուխցիներին խոստացված 13 տունը այդպես էլ մնացել են օդում կախված։

  • Կիսվել: