Զելենսկին եվրոպացի այն առաջնորդների մասին, որոնք փորձում են «հաճոյանալ Ռուսաստանին»
Եվրոպացի որոշ առաջնորդներ արգելափակում են Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։ Նրանք առաջնորդվում են ոչ թե սեփական երկրի շահերով, այլ ցանկանում են հաճոյանալ Ռուսաստանին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեխիայում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է РБК-Украина-ն։
Ըստ Զելենսկիի, Ուկրաինան պատրաստ է արդեն այս տարի բացել ԵՄ անդամակցության շուրջ բանակցային գործընթացում առաջին կլաստերները։
«Մեզ համար վիրավորական է, որ Եվրոպայում առանձին գործիչներ արգելափակում են այս գործընթացը։ Ոչ թե հանուն սեփական երկրների շահերի, այլ որպեսզի Կարմիր հրապարակում ավելի լավ տեղ ստանան տրիբունայում։ Եվ բոլորիս համար Եվրոպայում կարևոր է, որ եվրոպական արժեքներն իսկապես գերիշխեն։ Արժեքները, այլ ոչ թե առանձին քաղաքական գործիչների քմահաճույքները», - ընդգծել է Զելենսկին։
Վերջերս ուկրաինացի նախագահը հայտարարել էր, որ Հունգարիան արգելափակում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։ Մասնավորապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնիսկ բնակչության հարցում էր կազմակերպել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղուն աջակցելու վերաբերյալ, իսկ հետո պարծեցել էր, որ հունգարացիները, իբր, դեմ են հանդես եկել։
Զելենսկին հունգարացի առաջնորդներին կոչ է արել չօգտագործել Ուկրաինայի հարցը ներքաղաքական գործընթացներում, ինչպես նաև հավելել է, որ իրականում հունգարացիների 70%-ն աջակցում է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանը։
Ի պատասխան դրան՝ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը Զելենսկիին խորհուրդ է տվել «հետևել տոնայնությանը», իսկ Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Կիևը, ո՛չ էլ Բրյուսելը չպետք է որոշեն, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա Բուդապեշտը։