հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հերհերում շարունակվում են պատերազմից վնասված տների վերանորոգման աշխատանքները

Հերհերում շարունակվում են պատերազմից վնասված տների վերանորոգման աշխատանքները

Վերանորոգվում են ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքի՝ պատերազմից վնասված տները։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը։

«Հերհեր համայնքում պատերազմի ընթացքում վնասվել է 55 տուն, որից 13-ի վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Լրիվությամբ ավերվել է մեկ բնակելի տուն, որի փոխարեն՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը նոր տուն է կառուցել։

Հիմնադրամի կողմից վերանորոգվել են նաև զոհված ազատամարտիկի և պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած և հաշմանդամ դարձած համագյուղացու բնակելի տները։

Համայնքում իրականացվել են նաև պատերազմական գործողությունների ժամանակ վնասված առանձնատների պատուհանների նորացման աշխատանքներ, որոնք կատարվել են տարբեր կազմակերպությունների միջոցով»,- ներկայացրել է Ա.Սաղյանը։

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ԱՀ Քաղաքաշինության նախարարության կողմից հումանիտար աջակցության շրջանակներում շրջվարչակազմին տրամադրված շինանյութերից 7 բնակիչների տրամադրվել են շինանյութեր՝ իրենց ուժերով տան վերականգնման աշխատանքները կազմակերպելու նպատակով, նախարարության կողմից տրամադրվել են նաև տանիքածածկի կառուցման համար անհրաժեշտ շինանյութեր՝ բնակելի տների տանիքների վերակառուցման համար։

  • Կիսվել: