երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԲԸՄ֊ն կազմակերպում է ամառային ճամբար պատերազմից տուժած երեխաների համար

ՀԲԸՄ֊ն կազմակերպում է ամառային ճամբար պատերազմից տուժած երեխաների համար

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը կազմակերպում է ամառային ճամբար Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված, գերի ընկած, անհետ կորած և վիրավորված մեր հերոսների զավակների համար:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի տնօրեն Հերմինե Տյուզյանը և հավելեց, որ ճամբարը գտնվում է գեղատեսիլ Հանքավանում և պատրաստ է անվճար հյուրընկալել մեր հերոսների՝ 7-13տ. երեխաներին՝ ծնված 2008-2014 թթ.:

«Ճամբարի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ: Ճամբարը կանցկացվի երկու փուլով՝ օգոստոսի 2-12-ը և օգոստոսի 16-26-ը»,֊ նշեց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ ծրագրի շրջանակներում փոքրիկները կանցկացնեն ուրախ և ակտիվ ժամանց, բնության գրկում կվայելեն ամառային արձակուրդները, ձեռք կբերեն նոր ընկերներ, ինչպես նաև կծանոթանան հայ ազգային պարերին, կզարգացնեն ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները:

«Ծրագիրը իր մեջ ներառում է էքսկուրսիաներ և արշավներ դեպի հետաքրքիր և տեսարժան վայրեր, ձեռքի աշխատանք, սպորտային, ինտելեկտուալ և ուսուցողական խաղեր, լող, հայ ազգային երգ ու պար, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և քննարկումներ, երեկոյան ուրախ և ակտիվ ժամանցային ծրագիր: Երեխաները կստանան երեքանգամյա սնունդ, որը պատրաստվում է տեղում, հմուտ խոհարարների կողմից»,- հավելել է Հ. Տյուզյանը:

Արցախցի երեխաները ծրագրին մասնակցելու և մանրամասնությունների ճշտման համար կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37497250525:

  • Կիսվել: