երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հայաստանում ապաստանած արցախցի աշակերտների համար ուսուցման պրոցեսը կվերսկսվի նոյեմբերի 13-ին

Հայաստանում ապաստանած արցախցի աշակերտների համար ուսուցման պրոցեսը կվերսկսվի նոյեմբերի 13-ին

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համատեղ աշխատանքի արդյունքում նախատեսվում է Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը սկսել նոյեմբերի 13-ին:  Այս մասին այսօր լրագորղների հետ զրույցում հայտնեց ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին պարզ կլինի, թե տարրական օղակը առկա ուսուցմամբ կմասնակցի դասապրոցեսին, թե՝ ոչ: Ըստ նախարարի՝ 5-12-րդ դասարանների աշակերտների համար դասապրոցեսը կկազմակերպվի առցանց եղանակով:

«Մենք մտածում էինք, որ օր առաջ կվերադառնանք հայրենիք, սակայն քանի որ պատերազմական գործողությունները շարունակվում են, և մենք հնարավորություն չունենք կրթության որևէ մակարդակում ուսումնական գործընթացը կազմակերպել Արցախում, ուստի Հայաստանում ապաստան գտած արցախցիների համար կրթական գործընթացը առաջիկայում կկազմակերպվի տեղում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում արդեն իսկ սկսվել է աշակերտների հաշվառման գործընթացը, և ըստ այդմ հաշվառվում են նաև աշակերտների կրթական կարիքները, մասնավորապես՝ դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ»,- մասնավորապես ասաց  Ղարախանյանը:

Ըստ նախարարի՝  երեխային դպրոցում հաշվառելու համար ծնողը պետք է դիմի համայնքապետարան կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը: Ի դեպ, ծնողները կարող են նաև առանց երեխայի փաստաթղթերի դիմել, քանի որ, ըստ նախարարի, շատ ծնողներ չեն հասցրել իրենց հետ վերցնել երեխայի փաստաթղթերը:

Խոսելով ԲՈՒՀ-երում կազմակերպվող ուսումնական գործընթացի մասին՝ Լ. Ղարախանյանն ասաց , որ Շուշիի տեխնոլոգիական և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանները առցանց եղանակով արդեն իսկ սկսել են պարապմունքները: Նոյեմբերի 10-ից ուսումնական գործընթացը կմեկնարկի նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Ի դեպ, առաջիկայում կլուծվի նաև արհեստագործական ուսումնարանների և քոլեջների սաների կրթության կազմակերպման հարցը: Նախարարը հավաստիացրել է, որ այդ մասին նախապես կտեղեկացնեն:

«Պետք է համատեղենք բոլոր ջանքերը, որպեսզի կրթական տարածքում նահանջ և պարտություն չունենանք: Մենք կերտում ենք մեր պատմությունը, և թիկունքում գրագետ ձևով պետք է տարվեն բոլոր աշխատանքները»,-տեղեկացրեց ԱՀ ԿԳՄ նախարարը։

  • Կիսվել: