երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հալիձորում մեկնարկեց «Թևեր-բոլորին» ծրագիրը տեղացի և Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հալիձորում մեկնարկեց «Թևեր-բոլորին» ծրագիրը տեղացի և Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հալիձորում տեղի ունեցավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-բոլորին» ծրագրի պաշտոնական բացումը, որն ուղղված է Տաթև խոշորացված համայնքի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցեցին համայնքի շուրջ 50 բնակիչներ, ովքեր հնարավորություն ստացան բացահայտելու իրենց համայնքին բնորոշ սոցիալ-մշակութային առավելությունները և դրանք վերածելու գործնական բիզնես գաղափարների:

Ծրագիրը, որն իրականացվում է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհով և Տաթևի համայնքային կենտրոնի ու «Իննոբիզ» ընկերության հետ համատեղ, նպատակ ունի զարգացնելու ձեռնարկատիրական մշակույթը տարածաշրջանում: Մասնակիցները վեց ամիսների ընթացքում սովորելու են ձեռնարկատիրական հմտություններ և փորձառու մենթորների օգնությամբ մշակելու են իրենց բիզնես նախագծերը:

«Մեր ծրագրի հիմնական նպատակն է համայնքի բնակիչներին սովորեցնել, թե ինչպես կարելի է առկա ռեսուրսները վերածել կայուն բիզնես հնարավորությունների», – նշեց ծրագրի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: «Այսօր մենք մասնակիցներին ներկայացրինք աշխարհում հայտնի բիզնեսների օրինակներ, որոնք ծնվել են պարզ գաղափարից և վերածվել խոշոր ձեռնարկությունների: Հավատում ենք, որ Տաթևի համայնքը նույնպես ունի հսկայական ներուժ, և մենք այստեղ ենք՝ այդ ներուժը բացահայտելու համար»:

Համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Գերասիմյանը կարևորեց նախաձեռնությունը համայնքի զարգացման տեսանկյունից. «Այս ծրագիրը Տաթև խոշորացված համայնքի համար ունի ռազմավարական նշանակություն: Մենք կարծում ենք, որ տեղացի ձեռնարկատիրության զարգացումը կարող է նոր շունչ հաղորդել մեր համայնքին, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճը: Հատկապես կարևոր է, որ ծրագիրը ներառում է ինչպես տեղացի, այնպես էլ Արցախից տեղահանված ընտանիքների, ինչը նպաստում է համայնքային ինտեգրմանը և փոխադարձ աջակցությանը»:

«Իննոբիզ» ընկերության ղեկավար Նաիրա Մարգարյանն ընդգծեց  ուսուցման և մենթորության կարևորությունը բիզնես նախաձեռնություններում. «Մեր փորձը ցույց է տալիս, որ գործնական գիտելիքները և անհատական մենթորությունը վճռորոշ դեր են խաղում բիզնեսի հաջողության հարցում: Մեր փորձառու մենթորները պատրաստ են աջակցել մասնակիցներին` իրենց բիզնես գաղափարներն իրականություն դարձնելու ճանապարհին: Մենք տրամադրելու ենք ոչ միայն գիտելիք, այլև կիրառական գործիքներ, որոնք անհրաժեշտ են շուկայում մրցունակ լինելու համար»:

«Թևեր-Բոլորին» ծրագիրը մասնակիցներին առաջարկում է՝

Ձեռնարկատիրական հմտությունների ուսուցում

Անհատական մենթորություն փորձառու մասնագետների կողմից

Բիզնես գաղափարների մասնակի ֆինանսավորման հնարավորություններ

Ուսումնական կրթաթոշակներ՝ բիզնես նախագծերի փորձարկման համար

Ծրագրի հաջորդ փուլերում մասնակիցները կընտրեն իրենց հոգեհարազատ բիզնես գաղափարները և «Իննոբիզ»-ի մենթորների օգնությամբ կաշխատեն դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ծրագրի ավարտին մասնակիցները կունենան լիարժեք մշակված բիզնես նախագծեր, որոնցից լավագույնները կստանան աջակցություն իրականացման համար:

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության մասին

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը նպատակ ունի նպաստելու Սյունիքի կայուն զարգացմանը՝ խթանելով տեղական ձեռնարկատիրությունը, մշակույթը և համայնքային նախաձեռնությունները:

  • Կիսվել: