հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԱՀ-ում վերակառուցվում է մայրուղուց Դահրավ տանող ճանապարհը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԱՀ-ում վերակառուցվում է մայրուղուց Դահրավ տանող ճանապարհը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Ակսերանի շրջանի Դահրավ համայնք տանող ճանապարհը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում շինարարական աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ընկերության հանրային կապերի պատասխանատու Նարեկ Սահակյանը տեղեկացրել է, որ հողային պաստառի վերականգնումից հետո շինարարներն արդեն սկսել են ասֆալտապատման աշխատանքները։
 
«Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող ճանապարհի երկարությունը մոտ 5 կիլոմետր է։ Ասֆալտապատման առաջին շերտն արդեն ավարտված է։Կապալառուն օգտագործում է ժամանակակից տեխնիկական միջոցներ՝ ապահովելով ճանապարհի համապատասխան թեքությունները և հարթությունները։ Ճանապարհային շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարությունը։ Ճանապարհի լայնությունը 5,6 մետր է, կոր հատվածներում և ոլորաններում այն հասնում է մինչև 6 մետրի»,-ասել է Ն. Սահակյանը՝ հավելելով, որ ըստ մասնագետների՝ ասֆալտապատումը նախատեսվում է ավարտել նոյեմբերի կեսերին, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն։
 
Նախագծի հեղինակ Կամո Ղալայանի խոսքով՝  կատարվել են համապատասխան պրոֆիլավորումներ՝ հնարավորինս հողային պաստառից ջրահեռացումը իրականացնելու համար։
 
«Նախատեսել ենք համապատասխան ջրթող խողովակներ»,-նշել է Կ. Ղալայանը։
Աշխղեկ Տիգրան Եղիազարյանն էլ տեղեկացրել է, որ ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները սկսվել են մոտ մեկուկես ամիս առաջ, որի արդյունքում համապատասխան հիմնային շերտն արդեն պատրաստ է:
 
«Այս պահի դրությամբ ասֆալտապատումն ավարտել ենք գյուղամիջյան մոտ 700 մետր հատվածում»,-մանրամասնել է Տ. Եղիազարյանը։

  • Կիսվել: