Հադրութի գույները՝ Ստեփանակերտում. 50֊ամյա Արվեստի դպրոցի մասին պատմում է տնօրենը
Հադրութի Արվեստի դպրոցն ունի 50 տարվա պատմություն: Սկզբում եղել է Մանկական երաժշտական դպրոց, հետո վերանվանվել է Երաժշտական դպրոց, այսօր էլ՝ Հադրութի Արվեստի դպրոց:
Հաստատության կոլեկտիվը երեք պատրերազմ է տեսել: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այն վերաբացվել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նկուղային հարկում, որտեղ տնօրինությունն ու աշակերտները փորձում են ամեն գնով պահպանել Հադրութից բերած արվեստն ու մշակույթը:
Դպրոցի վերաբացման, առկա խնդիրների և դրանց հաղթահարման մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է տնօրեն Տաթևիկ Մկրտչյանի հետ: «Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, բնականաբար, բոլորս դեռ գտնվում էինք Երևանում: Եվ քանի որ Հադրութի շրջանն անցել է թշնամուն, մենք պետք է մեր գործունեությունը վերսկսեինք լրիվ այլ կերպ ու այլ պայմաններում: Ունեինք ընտրության հնարավորություն՝ դպրոցը վերաբացել Երևանում կամ Արցախում: Բնականաբար, մենք րոպե առաջ ուզում էինք վերադառնալ Արցախ ու գործունեություն ծավալել այստեղ: Այդ կարևոր հարցում մեզ իր աջակցությունն է ցուցաբերել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ինչի համար երախտապարտ ենք նրան: Նոր հասցեում գործում ենք 2021թ. մարտի 1-ից։ Կարողացանք պարապմունքներին ընդգրկել դպրոցի սաներից 68-ին:
Ընթացքում Արցախ վերադարձած հադրութցի ընտանիքների երեխաները մեզ միացան նոր ուսումնականի սկզբից։ Այժմ ունենք 120 աշակերտ»,- պատմել է Տ. Մկրտչյանը:
«Շատ ենք ուզում ունենալ շենքային հարմարավետ պայմաններ: Հույս ունենք, որ առաջիկայում այդ խնդիրը ևս կլուծվի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի ղեկավարությանը ու հատկապես նախագահ Արայիկ Հարությունյանին, որ ամեն րոպե ցանկացած հարցում մեր կողքին են: Իրոք, մենք զգում ենք նրանց հոգատարությունը, ջերմությունն ու նվիրվածությունը հադրութցու ու, հատկապես, մեր Արվեստի դպրոցի նկատմամբ»,- ընդգծել է մեր զրուցակիցը: