Ղարաբաղում իրավիճակը չափազանց բարդ է նոր խաղաղապահների ներգրավման համար․ փոխարենը արժե ուժեղացնել ռուսական ներկայությունը․ Ռուբեն Վարդանյան
Խաղաղապահների նոր կոնտինգենտի հայտնվելը չի օգնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) ստեղծված իրավիճակին, փոխարենը արժե ուժեղացնել ռուսական ներկայությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս կարծիքը հայտնել է ԼՂՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը չորեքշաբթի օրը Financial Times թերթին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով, իրավիճակը տարածաշրջանում «չափազանց բարդ է» նոր կոնտինգենտի ներդրման համար։ «Չի կարելի մեղադրել զինվորներին, նրանց թիվը սահմանափակ է, նրանց հնարավորությունները սահմանափակ են, տարածաշրջանը բարդ է, պարզ չէ, թե դա որքան կտևի և ինչպես կարգավորվի իրավիճակը»,- ասաց Վարդանյանը։
Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բազմազգ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ, եթե ինքը չկարողանա ապահովել հայ բնակչության անվտանգությունը։