ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կլինեն

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կլինեն

Կառավարությունը փոփոխություններ իրականացրեց Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում:

Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 26-ի նիստում:

«Առաջարկում ենք ծրագրի շրջանակներում ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաներին՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը, քանի որ ներկայում գործող իրավակարգավորմամբ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխան համարվում է շահառու, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարություն ներկայացրել է և ծրագրով նախատեսված հավաստագիրը ստացել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:  

Նախարարը նշեց, որ մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։

«Առաջարկում ենք նաև սահմանել՝ եթե շահառուն բնակապահովման ծրագրի շրջանակներում ստացած աջակցության գումարի դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին՝ սահմանված փաստաթղթերի հիման վրա. դրանք են՝ հարկային հաշիվը, հաշիվ-վավերագիրը, հսկիչ-դրամարկղային կտրոնը, ԱԱՀ վերադարձի հարկային հաշիվը, ապրանքի տեղափոխման բեռնագիրը: Ներկայում սահմանված է բացառապես հաշիվ-ապրանքագիրը, ինչը իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացանում»,- նշեց Թորոսյանը:  

Կառավարությունը վերանայեց նաև ծրագրով սահմանված աջակցության չափը:

«Մասնավորապես ընդլայնել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք ներկայում 611-ն են, և ավելացնել դրանք 150 բնակավայրով. խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին։ Նախկինում Երևանի և Երևանին սահմանակից համայնքների դեպքում սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 մլն դրամի փոխհատուցում, իսկ հիմա Երևանին սահմանակից համայնքների դեպքում գումարը  կդառնա 4 մլն դրամ, այսինքն՝ կլինի Երևանը՝ 3 միլիոն դրամ, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5-ն են, կմնան 5 միլիոն դրամ, մնացած բոլոր բնակավայրերում գումարը կդառնա 4 միլիոն դրամ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

 

  • Կիսվել: